Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր մայրուղու միջնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արամ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի, Երևանի բնակիչներ 35-ամյա Սարգիս Ի.-ի վարած BMW մակնիշի և 24-ամյա Արտավազդ Ե.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սարգիս Ի․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գաբրիել Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված ճանապարհին «Defanse Housing» բնակելի նոր կառուցվող թաղամասի անվտանգության աշխատակիցներն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Վթարի փաստով՝ Հ․ Մարգարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։