Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակի օրն է
Լեոնիդ Ենգիբարյանին տեսել եմ մի քանի անգամ, երևանյան կրկեսում: Երբ դուրս էր գալիս արենա, բոլորն անխտիր ժպտում ու ծափահարում էին, և այդ պատճառով էլ կրկեսն ինձ համար սկսվում և ավարտվում էր նրանով, այն ծիծաղով և ուրախությամբ, որ տալիս էր մարդը կրկեսից…
1972-ի ամռանը մորս և եղբորս հետ հանգստանում էինք Պյատիգորսկ առողջարանային քաղաքում: Ցերեկները գնում էինք քաղաքային այգի՝ զբոսնելու, հանքային ջուր խմելու ու պաղպաղակ ուտելու: Եվ ահա այդպիսի մի ամառային օր մենք կրկին նստած էինք զբոսայքում, երբ ռադիոն հայտարարեց, որ մահացել է արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը: Հիշում եմ, մայրս դեմքը ծածկել էր ափով, թաց աչքերն էր սրբում, և ես տագնապած նրան հարցրեցի, թե ինչո՞ւ է լալիս:
- Գիտե՞ս,- ասաց մայրս,- քո սիրելի ծաղրածուն է մահացել, Ենգիբարյանը:
Եվ ես այդ օրը առաջին անգամ չհավատացի մորս: Ես արդեն գիտեի, որ բոլոր մարդիկ վաղ թե ուշ մահանում են, բայց խորապես հավատացած էի, որ ծաղրածուները բացառություն են:
Ծաղրածուները չեն կարող մեռնել»: