Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կանոնավոր էլեկտրամատակարարումը անցած գիշերվանից վերականգնվել է․ մասնագետները վթարը վերացրել են։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ակնալիճի նախկին գյուղապետ, գյուղապետարանի ավագ մասնագետ Գևորգ Միսակյանը։
«15 օր անընդմեջ քամիներ էին և հոսանքը պարբերաբար անջատվում էր․ գիշերը գյուղում ոչ հոսանք էինք ունենում, ոչ էլ կարողանում էինք ոռոգել հողատարածքները։ Այս գիշերվանից արդեն հոսանք կա․ մասնագետները վթարը վերացրել են ու կարգավորել։ Հուսանք, որ այդ խնդրի առաջ նորից չենք կանգնի»,-ասաց Միսակյանը։
Թեկուզ հոսանք կա, պոմպակայանն աշխատում է, այդուհանդերձ, ոռոգման հարցը դեռևս հեռու է լուծված համարելուց։ Ամռան ամիսներին Սև ջուր գետի ծանծաղելու հետևանքով պոմպակայանն ամբողջ հզորությամբ չի աշխատում, այս տարի՝ խնդիրն առավել սուր է։
«Ամեն տարի էլ եղել է այդ խնդիրը, բայց այս տարի առավել լուրջ է․ քանի որ Սև ջուր գետը ցամաքել է, պոմպակայանը 50 տոկոս թողունակությամբ է աշխատում։ Մյուս կողմից էլ, քանի որ մեր ոռոգովի տարածությունները բազմառելիեֆ են ու մի աղբյուրից չեն սնվում, միայն պոմպակայանի աշխատանքի կարգավորմամբ հարցը չի լուծվի։ Ամենաարդյունավետ տարբերակը նախկինում գործող խորքային հորերի վերագործարկումն է»,-ասում է Միսակյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ խորքային երկու հորեր, որոնք կառուցվել են 2021թվականին, առաջիկա օրերին կգործարկվեն, ևս երկուսը սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է կառուցել 2023 թվականին։ Այդուհանդերձ, Միսակյանի կարծիքով՝ այդ չորս հորերով հնարավոր կլինի ապահովել ընդամենը տնամերձ հողատարածքների ոռոգումը։
«Ինչպես արդեն նշեցի, մեր ոռոգովի դաշտերը սնվում են տարբեր աղբյուրներից՝ որոշ հատվածներ պոմպակայանից, որոշները՝ ստորին Հրազդանի ջրանցքից, որոշներն էլ՝ խորքային հորերից։
Մեր գյուղը Ստորին Հրազդանի ամենավերջին կետն է և ամռան այս պիկին մեզ չի բավարարում Ստորին Հրազդանի ջուրը։ Որպեսզի այդ հատվածում լիարժեք ջրամատակարարում լինի, անհրաժեշտ է վերագործարկել խորքային հորերը և ճիշտ ջրաբաշխում անել»,-շեշտում է Ակնալիճի նախկին գյուղապետը։
Միսակյանը պնդում է՝ կաթիլային ոռոգմանն անցնելը բոլոր խնդիրները չի լուծում․ այն թե՛ գյուղացուն, թե՛ պետությանը ձեռնտու է, բայց, եթե չկան խորքային հորեր, ոռոգման այս մեխանիզմն անխափան չի գործում։ Ըստ գյուղի նախկին ղեկավարի՝ միայն այս տարի 80-100 հա անցել են կաթիլային ոռոգման համակարգի և հենց դրանք էլ խորքային հորերին մոտ գտնվող տարածքներ են։
Նախկինում գործող խորքային հորերի վերագործարկման առաջարկը գյուղի ներկայիս վարչական ղեկավարը, ինչպես նշեց Միսակյանը, ներկայացրել է խոշորացված Մեծամոր համայնքի ղեկավարին։
Հիշեցնենք, որ երեկ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի
Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում էր մի քանի կմ-ից։
Ակցիայի մասնակիցները բողոքում են էլցանցերից և ջրմուղից: Ասում են, որ պարբերական հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում խնդրին լուծում տալու համար: Նրանք պահանջել են, որ իրենց հետ հանդիպեն էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը:
Ոստիկանները հորդորել են բացել ճանապարհը: Գյուղացիները հրաժարվել են և քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և նրանց միջև։