Հատիսի մերձակա գյուղերի բնակիչները ոգևորված սպասում են Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցմանը։ Նրանք ընդդիմախոսներին չեն հասկանում։ Ասում են ՝ եթե խանգարողներ լինեն, որ նախագիծը կյանքի կոչվի, ոտքի կկանգնեն ու ակցիաներ կիրականացնեն։
«Թողեք թող մեր գյուղերն էլ էլի զարգանա։ Աշխատատեղ էլ կլինի, բյուջեն էլ կլցվի», -ասաց Կոտայքի բնակիչներից մեկը։
«Գառնի կա, Գեղարդ կա, Ծաղկաձոր կա, Խոր Վիրապ կա։ Թող սա էլ այստեղ լինի։ Ախր, էս կողմերում ոչ մի բան չկա։ Շուրջը ամեն ինչ կսարքեն, բարեկեցիկ կլինի»,-ասացին նրանք։
Գյուղացիները վստահ են արձանի տեղադրումից հետո զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում կհայտնվի իրենց տարածքը։
«Ինչ վատ կլինի, կհելնենք առավոտ կնայենք, կհիանանք, կօրհնենք ու կգնանք մեր գործերին։ Ես զարմանում եմ, ինչի՞ չեն ուզում։ Գյուղերի զարգացման լավ ծրագիր է առաջին հերթին»,-նշեցին Արամուսի բնակիչները։
Տեղի ընտրությունը գյուղացիների համար ամենաճիշտն է։ Նրանք վստահ են, որ այս ծրագրից շահելու է մեր երկիրը։