Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը: Նախորդ օրը տեղի ունեցած բացման արարողությունից հետո մայիսի 23-ին տեղադրվել են ռինգերը եւ մարզահամերգայինը լիարժեք պատրաստ է մրցումային օրերին:
Առաջին մրցումային օրը մրցումները պետք է սկսվեին 18:00-ին, բայց մեկնարկեցին կես ժամ ուշացումով:
Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի մեկ մասնակից: Քիչ անց ռինգ դուրս կգա մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
Հայաստանի ներկայացուցիչը կմենամարտի B ռինգում:
Մարզահամերգայինի տրիբունան կիսով չափ է լցված: Երկրպագուներից բացի նաեւ մասնակից երկրների բռնցքամարտիկներն են հետեւում մենամարտերին, երկրպագում իրենց թիմակիցներին:
Վախթանգ Հարությունյանին երկրպագելու են եկել աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ: Մարզադահլիճում է նաեւ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBC, WBA, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վիկ Դարչինյանը նշեց, որ ամեն օր գալու է երկրպագի հայ բռնցքամարտիկներին:
«Եկել եմ մեր բռնցքամարտիկների կողքին լինելու: Հանդիպել եմ նրանց, զրուցել, բոլորն էլ շատ լավն են, ունեն մեդալներ նվաճելու բոլոր հնարավորությունները, ուղղակի պետք է անեն ամեն ինչ, որ մենամարտի ելքի որոշումը չմնա մրցավարներին:
Ամեն ինչ հրաշալի է կազմակերպված, եւ սա մեծ պատիվ է մեզ համար այսպես ընդունել Եվրոպայի առաջնությունը: Կարծում եմ՝ այս փաստը նաեւ շատ կոգեւորի մեր մարզիկներին»,- ասաց Վիկ Դարչինյանը:
Լուսինե Շահբազյան
Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները․
48 կգ քաշային կարգ
Բարեղամ Հարությունյան - Սախիլ Ալախվերդովի (Վրաստան)
51 կգ
Արթուր Հովհաննիսյան - Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) - Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող
54 կգ
Ջանիկ Սահակյան - Ելմիր Նաբիև (Ուկրաինա)
57 կգ
Արթուր Բազեյան - Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) - Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա0
60 կգ
Կարեն Տոնականյան - Ռոլանդ Վերես (Հունգարիա)
63.5 կգ
Հովհաննես Բաչկով - Ջոզեֆ Թայերս (Անգլիա) - Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթող
67 կգ
Գուրգեն Մադոյան - Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)
71 կգ
Նարեկ Զախարյան - Թեքեքս Միքալ (Սլովակիա)
75 կգ
Վախթանգ Հարությունյան - Բարտոշ Գոլեբիեվսկի (Լեհաստան)
80 կգ
Համբարձում Հակոբյան - Քոսիան Դմիտրի (Մոլդովա)
86 կգ
Ռաֆայել Հովհաննիսյան - Ստեֆանով Դիմիտրով Կրիստիան (Բուլղարիա)
92 կգ
Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա)
+92 կգ
Դավիթ Չալոյան - Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) - Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթող: