Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 05:10-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 36-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Դ.-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ի շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: