Իտալիայում գտնվող Վեզուվ գործող հրաբխի մոտակայքում անտառային հրդեհներ են, որոնց հետևանքով, ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Սիցիլիայում նավով տարհանվել էր մոտ 700 զբոսաշրջիկ:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ վերջերս Վեզուվի շուրջ բարձրացող ծխի պատճառով ստեղծվել է տպավորություն, թե հրաբխից լավա է թափվում: Ականատեսները հրապարակել են Վեզուվից բարձրացող ծխի լուսանկարները և տեսանյութերը՝ ծուխը համեմատելով գանգի հետ:
Նշվում է, որ հրդեհների հետևանքով տուժածներ չկան, սակայն առափնյա քաղաքների իշխանություններն օգնություն են խնդրել հրդեհաշիջման աշխատանքներ կազմակերպելու և իրականացնելու համար:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) գրել է, որ հրաբխի մոտակայքում գտնվող հազարավոր մարդիկ, կենդանիներ և բույսեր գտնվում են վտանգի տակ:
«Իրավիճակը ծայրահեղ է, ահա թե ինչու պետք է արտակարգ գործողություններ ձեռնարկել», - հայտնել են հիմնադրամի ներկայացուցիչները: