Եվրոպայի առաջնությունում թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ 2016 թվականի Քառօրյա պատերազմի հերոսներին՝ զոհված եւ վիրավոր տղաներին. այդ օրը ապրիլի 2-ն էր:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունգարիայից ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
23-ամյա ըմբիշը ապրիլի 2-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց չեմպիոն իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում:
Ոսկե մեդալի ճանապարհին աշխարհի չեմպիոնն անցկացրեց 5 գոտեմարտ: Որակավորման փուլում հաղթեց լիտվացի Մանտաս Սինկեւիչուսին (9:0), 1/8 եզրափակչում՝ սլովակ Դենիս Խորվաթին (5:1), քառորդ եզրափակիչում՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին (6:5), կիսաեզրափակիչում՝ շվեդ Պեռ Ալբին Օլօֆսոնին (9:0) եւ եզրափակիչում՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարին (4:3):
-Մալխաս, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Զգացողություններս շատ մեծ են: Յուրաքանչյուր մրցման մասնակցելիս, միայն ոսկե մեդալի համար եմ պայքարում: Մտքումս միայն մի բան է՝ հաղթող ճանաչվել:
Նոր քաշային կարգում էի, ինձ համար շատ բարդ էր: Հայաստանի առաջնությունից հետո ոչ մի մրցման չէի մասնակցել եւ չէի փորձել ուժերս միջազգային մրցաշարերում 77 կգ քաշում: Միանգամից Եվրոպայի առաջնությունը եղավ առաջին միջազգային փորձս: Կարողացա արդարացնել բոլորի, այդ թվում եւ իմ սպասելիքները: Մարզիչներիս հրահանգները կատարելով, կարողացա ճիշտ պատրաստվել եւ հաղթել: Այս հաղթանակում իր մեծ ներդրումն ունի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որն այստեղ էր, մեր կողքին: Հորեղբայրս՝ Ռոման Ամոյանն այս անգամ ինձ հետ չէր. նրա գալը չստացվեց: Նա ինձ հետ աշխատում էր հեռախոսազանգերով, խորհուրդներ տալիս, ճիշտ տրամադրում ամեն մի գոտեմարից առաջ:
-Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես, ո՞րն ավելի բարդ տրվեց:
-Կառանձնացնեմ քառորդ եզրափակիչի գոտեմարտը, որտեց մրցակիցս 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2021 թվականի աշխարհի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովն էր: Շատ լարված գոտեմարտ ստացվեց, 6:5 հաշվով կարողացա հաղթել: Շատ դժվար տրվեց ինձ այդ հաղթանակը: Կառանձնացնեմ նաեւ եզրափակիչը, որը միշտ ավելի լարված է լինում: Այս եզրափակիչն էլ դժվար ստացվեց, մրցակիցս թուրք էր: Լարվածությունն ու պատասխանատվությունն ավելի մեծ էր, քանի որ ապրիլի 2-ն էր՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի օրը:
Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ այս երկու մրցակիցներիս՝ ադրբեջանցի եւ թուրք ըմբիշների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ Քառօրյա պատերազմի բոլոր հերոսներին՝ զոհված, վիրավորված տղաներին: Ինձ համար շատ պատասխանատու էր այդ օրը հաղթելը: Չեմ ուզում առանձնացնել, քանի որ ինչպես Քառօրյայի, այնպես էլ 44-օրյա պատերազմի մասնակիցները, պատերազմում հայրենիքի համար զոհվածները բոլորը մեր հերոսներն են: Բայց քանի որ այդ օրը հենց ապրիլյան քառօրյայի օրն էր, ես կարողացել էի հաղթել ինչպես թուրքի, այնպես էլ ադրբեջանցու, ուզում եմ նվիրել նրանց:
Երկու մրցակիցներիս հետ գոտեմարտելիս էլ պարբերաբար պատերազմի մասին մտքեր եմ ունեցել, բայց փորձում էի մտքերս չշեղել բուն գոտեմարտից, որպեսզի ինձ չխանգարեր գլխավոր նպատակիս հասնելու համար: Ինձ պետք էր հաղթանակ, որպեսզի հետո արդեն ուրախանայի այդ հաղթանակներով:
-Այդուհանդերձ, եզրափակիչի վերջում թուրք ըմբիշն արտասվեց, դու նրան բարձրացրիր գորգից եւ հանգստացրիր: Ինչպե՞ս արձագանքեց մրցակիցդ քո քայլին:
-Դա մեր սպորտային բնավորությունն է: Ըմբշամարտի ընտանիքն ուրիշ է: Չգիտեմ՝ ճիշտ էր, թե սխալ, որ ես նրան մոտեցա, բարձրացրի, բայց այդ պահին ճիշտ գտա՝ այդպես վարվել: Մի օր էլ մենք, մեր մարզիկներն են պարտվելու նրանց, եթե մենք նրանց հետ վատ վարվենք, նրանք էլ մեզ հետ են վատ վարվելու:
-Ի՞նչ ապրումներ ունեցար պատվո հարթակին:
-Անբացատրելի զգացողություններ ապրեցի: Զգացողություններս կրկնապատկվեց, երբ տեսա, թե ինչ ցնծությամբ է ընդունում իմ հաղթանակը հայ ժողովուրդը, ինչպես են բոլորն արձագանքում եւ ուրախանում իմ նվաճումով: Ինձ դա ավելի է պարտավորեցնում, որպեսզի Հայաստանի դրոշը միշտ բարձր պահեմ: Այս մեծ հաղթանակս հայ եւ եզդի ազգերինն է:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։