Քանի որ եզրափակիչում հաղթել եմ թուրք մրցակցին, հաղթանակս նվիրում եմ այս պահին սահմանին կանգնած բոլոր զինվորներին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուդապեշտից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
23-ամյա ըմբիշը մարտի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 61 կգ քաշայինների եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ոսկե մեդալի ճանապարհին Արսեն Հարությունյանը տարավ երեք փառահեղ հաղթանակ: Քառորդ եզրափակիչում 2 րոպե 19 վայրկյան տուշեով հաղթեց մակեդոնացի Բեսիր Ալիլիին: Կիսաեզրափակիչում առաջին մրցափուլում 0:6 պարտվելիս 13:8 հաշվով հաղթեց 2021 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, լեհ Էդուարդ Գրիգորեւին, իսկ եզրափակիչում 15:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, թուրք Սուլեյման Աթլիի նկատմամբ:
Արսեն, շնորհավորում եմ երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես: Եթե համեմատենք 2019 թվականի հաղթանակիդ հետ, ինչո՞վ առանձնացավ երկրորդ չեմպիոնությունդ:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Սպասում էի հաղթանակիս: Զգացողություններս տարբեր են: Այս հաղթանակը անհամեմատ տարբեր է 2019 թվականի չեմպիոնությունիցս: Այն անգամ առաջինն էր եւ ամեն ինչ այլ էր: Սա երկրորդ անգամ էր եւ մի փոքր ավելի սովորական էր, երեւի արդեն ավելի հասուն եւ գիտակից: Ինձ անչափ ոււրախացնում է այն փաստը, որ ձգտում կար, ուզում էի երկրորդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն, եւ ես կարողացա դա անել:
Պատկերացնում էի, որ պետք է չեմպիոն դառնամ: Եկել էի ոսկու հետեւից: Ամիսներ շարունակ տանջվել եմ այս մրցման համար՝ Ծաղկաձորի հավաքից սկսած մինչեւ վերջին երեւանյան հավաքը ես աշխատել եմ մի նպատակով, որ հռչակվեմ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Բուդապեշտի մրցագորգում ո՞ր գոտեմարտը կառանձնացնես քեզ համար: Ո՞րը դժվար տրվեց:
Բոլոր գոտեմարտերն էլ դժվար էին: Երեւի կառանձնացնեմ կիսաեզրափակիչը, քանի որ 0:6 պարտվում էի, բայց հաղթեցի: Անսպասելի էր մեկնարկից 0:6 հաշվով պարտվելը: Չհասկացա ինչ եղավ. այդքան միավոր տվեցի:
Բոլորն էլ բարդ է եղել ինձ համար: Հեշտ հաղթանակ չկա: Միշտ, յուրաքանչյուր գոտեմարտի մեջ հոգի եմ դնում եւ մեկ նպատակ՝ հաղթած իջնել մրցագորգից:
Թուրք մրցակցի հետ ոսկե մեդալի համար պայքարում լարվածություն կա՞ր:
Թուրք ըմբիշը տիտղոսակիր է: Առաջնության հենց սկզբից ուզում էի, որ նա դուրս գար եզրափակիչ: Մրցման առաջին օրից գիտեի, որ նա իմ հակառակ խմբում է, անունով, տիտղոսներով տղա է եւ ուզում էի նրա հետ դուրս գալ եզրափակիչ: Երկար ժամանակ թուրք կամ ադրբեջանցի մրցակից չէի ունեցել: Ինքս ինձ ասում էի՝ երանի նա հասնի եզրափակիչ եւ մենք հանդիպենք մրցագորգում, որ լինի հետաքրքիր՝ հայկական եւ թուրքական եզրափակիչ: Գոտեմարտիս նախորդ օրը լարվածություն կար: Եզրափակիչի օրն, արդեն, մի կողմ էի թողել լարվածությունս: Ինձ տրամադրեցի եւ դուրս եկա մրցագորգ: Որ գիտեի թուրք մրցակցի հետ եմ մրցելու, ամեն ինչ արեցի լավ գոտեմարտ անցկացնելու եւ հաղթանակած գորգից դուրս գալու համար:
Ի՞նչ զգացողություններ էին քեզ պատել պատվո հարթակին:
Իմ ամենասիրած պահն է, երբ հայ մարզիկի պատվին հայոց հիմն է հնչում եւ մեր դրոշն է բարձրանում ամենավերեւում: Այդ պահին հպարտության զգացողություններ եմ ունենում, որ կարողացել եմ իմ առջեւ դրված առաջադրանքը կատարել:
Չեմպիոնական շրջանը մարզիչիդ հետ անցար: Նախապես ծրագրե՞լ էիր, թե՞ այդ պահի ազդեցության տակ ստացվեց:
Չէի ծրագրել, այդպես ստացվեց: Չեմպիոն դառնալիս միշտ մարզիչներիս կանչում եմ ինձ հետ անցնել շրջանը, բայց նրանք խուսափում են, չեն գալիս: Այս անգամ ինձ հետ էր անձնական մարզիչս՝ Արշակ Հայրապետյանը: Նրան ասացի՝ այս անգամ պիտի գաս, անպայման: Իմ յուրաքանչյուր հաղթանակ մարզիչներիս, հավաքականի մարզիչների մեծ աշխատանքի արդյունքն է: Ես միշտ շնորհակալ եմ նրանց իմ հաղթանակների, հաջողությունների համար: Միայնակ այս ամենին չէի հասնի:
Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:
Քանի որ եզրափակիչում հաղթել եմ թուրք մրցակցին, հաղթանակս նվիրում եմ այս պահին սահմանին կանգնած բոլոր տղաներին, զինվորներին:
Ո՞րն է հաջորդ մեծ նպատակդ:
Ես միշտ մի քանի ամիս առաջ արդեն ծրագրում եւ նպատակներ եմ դնում իմ առջեւ: Այս տարի էլ մեծ նպատակներ ունեմ: Առաջինը Եվրոպայի չեմպիոնությունն էր, հաջորդը լինելու է աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Կփորձեմ այս նպատակս իրականացնել: Տարվա սկզբից պլանավորել էի՝ Եվրոպա, աշխարհ ու դրանից հետո հարսանիք: Հուսամ՝ կկարողանամ հաջողությամբ իրականացնել բոլորը, բայց, մինչեւ ամուսնություն, դեռ կա աշխարհի առաջնություն:
Խոստումներ տալ չեմ սիրում, բայց քանի որ հաջորդ մեծ նպատակս աշխարհի ոսկե մեդալն է, պետք է ամեն ինչ անեմ, որ լինի: