Սյունիքի մարզում 3 տասնյակից ավելի մեքենաներ ճանշինի մեղքով մնացել են Ծղուկ գյուղի ճանապարհին


Սյունիքի մարզում 3 տասնյակից ավելի մեքենաներ ճանշինի մեղքով մնացել են Ծղուկ գյուղի ճանապարհին
Փետրվար 11 00:32 2022

Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: 

 

Ծղուկ գյուղի ճանապարհին  ձյան չմաքրման և ճանապարհի մերկասառույցի պատճառով 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ չեն կարողացել երթևեկել:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ճանապարհի սառցակալած լինելու հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են, այդ թվում՝ Volvo մակնիշի բեռնատարը, որի կցորդիչը կախվել է դեպի ձորը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

 

 

Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Հովսեփյանի գլխավորությամբ:

 

Հրշեջ-փրկարարները մոտ 20 քաղաքացու տեղափոխել են Գորայքի ժամանակավոր հենակետ, իսկ հետո արգելափակումից դուրս են բերել  70-ից ավելի ավտոմեքենաներ:

 

Օպերատիվ են գործել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

 

Մի քանի ժամ անց նոր բարեհաճել են ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները ու սկսել  մերկասառույց  ճանապարհը պատել աղ ու ավազով: