Մասնակի այրվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցը


Մասնակի այրվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցը
Փետրվար 7 11:40 2022

Փետրվարի 7-ին ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է «Արիս Պողոսյանի» անվան միջնակարգ դպրոցը:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ժամը 03:15-ին Մարտակերտի ԱԻ բաժնին կից՝ Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո ժամը 03:23-ին դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան:

Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտակերտի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:

Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը:

Հրդեհի լիկվիդացման ուղղությամբ այս պահին իրականացվում են աշխատանքներ:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: