«Թեստերի 70-80%-ի պատասխանը դրական է գալիս». Շիրակի մարզում ինֆեկցիոն իրավիճակը լարված է


«Թեստերի 70-80%-ի պատասխանը դրական է գալիս». Շիրակի մարզում ինֆեկցիոն իրավիճակը լարված է
Փետրվար 4 15:30 2022

Վերջին օրերին Շիրակի մարզում նկատվում է ինչպես «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու, այնպես էլ սեզոնին բնորոշ շնչառական հիվանդությունների դեպքերի աճ: Թեև այս պահին մարզում Covid-բաժանմունքները դեռ չեն գործում, սակայն բավականին ծանրաբեռնված են աշխատում առողջության առաջնային պահպանման օղակները:

«Օրական թեստերի 70-80 տոկոսը գալիս է դրական պատասխանով: Իրավիճակը վերահսկելի է, բայց լարված»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:

Վիրուսների հիմնական թիրախում են քրոնիկ հիվանդներն ու երեխաները։ Մարզի դպրոցներից մեկն արդեն անցել է հեռավար ուսուցման:

«Հեռավար ուսուցման անցնելու որոշումը կայացնում է վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը` հաշվի առնելով բացականների թիվը»,-ավելացրեց Ասլանյանը։

Միաժամանակ նա նշեց` թեև ի տարբերություն նախորդ ալիքների, հիմա հիվանդությունը շատ բարդ ընթացք չի ունենում, բայց մեծ է վարակելիության տոկոսը։