Աշտարակ-Ապարան ճանապարհին 8 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական վթարի մեղավորը պատասխանատվության չի ենթարկվել։ Վթարի հետևանքով զոհված ամուսինների իրավահաջորդները մինչ օրս նյութական վնասի փոխհատուցում չեն ստացել իրեց կատարած ծախսերի դիմաց, ամբողջությամբ չի վերականգնվել նաև տուժողներին պատկանած մեքենայի վնասը։ Ավելին, ամբաստանյալի վարած մեքենան, որը պետք է վաճառվեր վնասը փոխհատուցելու համար եւ գտնվում էր ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում, թալանվել է ու դրանով բարդացրել նյութական վնասի հատուցման գործընթացը։
2013թ. դեկտեմբերի 28-ին բեռնափոխադրում իրականացնող «Ման» բեռնատարը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Արագածոտնի մարզի Ուշի-Արտաշավան գյուղերի միջանկյալ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել իր ճանապարհով ընթացող «Գազել» մակնիշի բեռնատարին։ Վթարի հետևանքով «Գազելի» վարորդը՝ 45-ամյա Արշակ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ նրա կինը՝ 38-ամյա Գոհար Գրիգորյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Վթարից հետո քրական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ման» բեռնատարի վարորդ, Ուկրաինայի քաղաքացի Իլյա Նացյուկը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մառախլապատ ճանապարհով բեռնափոխադրում իրականացնելիս չի պահպանել այդ պայմաններում երթևեկելի թույլատրելի՝ 29 կմ/ժամ արագությունը, դրա փոխարեն 15 տոննա բեռով բեռնված մեքենան և կցորդիչը վարել է 50կմ/ժամ արագությամբ, այն էլ՝ հանդիպակաց երթևեկելի գոտում։ Հանրորեն վտանգավոր այդ արարքը անզգուշությամբ կատարելով՝ Իլյա Նացյուկը վթարի առաջացման պատճառ է դարձել, որի հետևանքով մահացել են ամուսինները։ Ուկրաինայի քաղաքացին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ 2014թ.-ին վթարի մասնակցի 2 մեքենան էլ ճանաչվել են իրեղեն ապացույց և տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Նույն տարվա մայիսի 7-ին նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մայիսի 14-ին դատավոր Ռուզաննա Բարսեղյանը վարույթ է ընդունել գործը և նշանակել դատաքննություն։ Վարույթ ընդունելուց 7 ամիս անց դատավոր Ռ. Բարսեղյանը տեղափոխվել է այլ դատարան, և գործը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին։ 2015թ. հունիսի 24-ին և 2016թ. հունիսի 1-ին նշանակվել են կրկնակի դատաավտոտեխնիկակական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, և գործի վարույթը կասեցվել է: 2016թ. հուլիսի 12-ին դատավոր Ս․ Մարաբյանը նշանակվել է վերաքննիչ դատարանի դատավոր։
Արդեն 2017թ. փետրվարին փորձաքննության եզրակացության հետ գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Սամվել Ուզունյանին։ Մինչև 2019թ. փետրվարը նիստեր են նշանակվել, որից հետո մեղադրյալի պաշտպանները միջնորդել են վաղեմության ժակետի հիմքով գործի վարույթը կարճել։ Դատավոր Ս. Ուզունյանը փետրվարի 7-ին որոշել է բավարարել միջնորդությունը, և գործի վարույթը կարճել է վաղեմության հիմքով։
Շուրջ 5 տարի տևած դատաքննության ընթացքում գործը քննած երեք դատավորները միասին նշանակել են 52 դատական նիստ։ Այդ նիստերից 12-ը չեն կայացել տարբեր պատճառներով։ Նիստերից 3-ը չի կայացել դատավորի վատառողջ լինելու պատճառով, 2-ը՝ ամբաստանյալի և նրա պաշտպանի՝ նիստին չներկայանալու պատճառով, մյուսներն՝ այլ պատճառներով։
Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում