Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրեց, իսկ Թուրքիայի խորհրդարանի նախագահություն էլ վավերացման համար մուտք է արվել այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որ նախորդ տարի ամռանը Էրդողանն ու Ալիևը ստորագրեցին Շուշի այցի ընթացքում: Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություն արձանագրող թղթի մասին է: Հատկանշական է, որ դրա վավերացումը տեղի է ունենում այժմ: Կարծում եմ, դա ՌԴ հանդեպ որոշակի հոգեբանական ազդեցության փորձ է Էրդողանի Ուկրաինա և Ռուսաստան այցից առաջ: Թուրքիան փորձում է ստանձնել միջնորդական դեր ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, բայց Մոսկվան դրա հանդեպ ցուցաբերում է անտարբերություն: Կրեմլը «քաղաքավարի» մերժեց Պուտինի թուրքական այցի հրավերը, ասելով, որ կդիտարկեն ապագայում՝ եթե ժամանակացույցը թույլ տա: Հիմա Էրդողանն ինքն է որոշել Կիև առաջիկա այցից հետո մեկնել Մոսկվա: Այդ ֆոնին հատկանշական է նախօրեին Էրրդողանի խորհրդական Քալընի հերթական հեռախոսազրույցը Բայդենի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանի հետ: Այս իմաստով հետաքրքիր է նաև Պուտին-Մակրոն կապը: Վերջին օրերին արդեն երկու անգամ տեղի է ունենում նրանց հեռախոսազրույցը: Ֆրանսիան իհարկե խնդիր ունի կանխել Եվրամիության հանդեպ ԱՄՆ-Բրիտանիա գերազդեցության հաստատումը, որ տեղի է ունենում «ռուսական ագրեսիայի» գերսպասում առաջացնելու միջոցով: Մոսկվան էլ Ֆրանսիայի ու Գերմանիայի այդ մտահոգությունը փորձում է «կապիտալիզացնել» ԱՄՆ հետ բանակցության գործընթացում: |
Աղբյուրը` Հակոբ Բադալյան