ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները:
Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համաձայնության գալով ապահովագրական ընկերությունից խաբեության եղանակով զգալի չափերով՝ 286.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու շուրջ, 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 21:55-ի սահմաններում, իրենց կողմից վարած «Մերսեդես-Բենց Ե320» և «Մերսեդես-Բենց Ե220» մակնիշի ավտոմեքենաների օգտագործմամբ, Վանաձոր-Վրաստանի սահման Մ6 ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում, կազմակերպել են ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար:
Հաջորդ օրը՝ 2021 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչը, չիմանալով վերը նշված անձանց՝ կեղծ վթարի շուրջ պայմանավորվածության մասին, կազմել է իրավունք վերապահող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող արձանագրություն, որը ստորագրությամբ հաստատվել է «պատահարի» մասնակիցների կողմից և ուղարկվել ապահովագրական ընկերություն:
Այնուհետև՝ 2021թ. մայիսի 14-ին, կեղծ պատահարի կողմերից մեկը գույքային պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ կեղծ դիմում է ներկայացրել հիշյալ ապահովագրական ընկերություն, որն ստորագրությամբ հաստատվել և հանձնվել է օգտագործման, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ ապահովագրական ընկերության կողմից պատահարների առաջացման պատճառների առաջնային փորձաքննություն նշանակելու ու դրա արդյունքների հիման վրա փոխհատուցում տրամադրելուց հրաժարվելու պատճառով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ախթալա և Շնող համայնքների բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: