Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Օպերատիվ են գործել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, ովքեր, մինչ վիրավորներին հվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայարփի Սահակյանը, ով դեպքի վայրում զննություն էր կատարում, երբ հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հ. Սահակյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.ր-ի 242 հոդվածի 2-րդ մաի հատկանիշներով։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: