Գյուղացու վիճակն այսօր շատ վատ է, գարնանը կարող է բունտ հասունանալ. փորձագետ


Գյուղացու վիճակն այսօր շատ վատ է, գարնանը կարող է բունտ հասունանալ. փորձագետ
Հունվար 25 17:46 2022

Թուրքիայի հետ սահմանի բացումը հիմնականում կազդի Հայաստանի ջերմոցային գյուղատնտեսության վրա։ Մրցունակությունը կկորցնեն հիմնականում ջերմոցային կուլտուրաները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս չէր բացառել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ ազգային գյուղատնտեսության վրա։ Վարչապետը նշել էր, որ այսօր առկա արտադրանքը հնարավոր է կորցնի իր մրցունակությունը, բայց երկաթուղու և ճանապարհների բացման դեպքում նոր սեգմենտներ են առաջանալու։

Հրաչ Բերբերյանը նշում է, որ սահմանի բացումից հետո առաջին հարվածն իր վրա կվերցնի ջերմոցային տնտեսությունը։

«Քանի որ մենք ջերմոցները ջեռուցումով ենք տաքացնում, այսինքն գազի ծախսը կազմում է արտադրանքի ինքնարժեքի մասը, հետևաբար մեր արտադրանքի ինքնարժեքի խնդիր կունենանք։ Այսինքն թուրքական ապրանքները կողողեն մեր շուկան, բայց մենք լծակներ ունենք և կարող ենք դրա դիմացն առնել»,-նշեց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով պետք է հատկապես մեծ ուշադրություն հատկացնել սահմանին սննդի անվտանգությանը, որն էլ կպաշտպանի մեր շուկան։

Որպես օրինակ Հրաչ Բերբերյանը նշում է, որ եթե Ռուսաստանին պետք է լինում թուրքական լոլիկը դուրս շպրտել, ապա տարբեր առիթներով դուրս է շպրտում այն շուկայից, հետևաբար մենք, նույնպես կարող ենք սննդի անվտանգության գործառույթները կիրառելով, նման գործողությունների դիմել։

Հրաչ Բերբերյանը չի կարծում, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը որևէ ազդեցություն կունենա մրգի, կաթի կամ մսի արտադրության վրա։

«Մրգի հետ կապված, եթե մերձարևադարձային կուլտուրաներ ունենան, որը մեր շուկան չունի, ապա միգուցե Թուրքիայից դա ներմուծվի։ Օրինակ չեմ կարծում, որ իրենց կարտոֆիլը մեզ մոտ մրցունակ կլինի, հատկապես այն դեպքում, որ անորակ կարտոֆիլ են արտադրում»,-նշեց Հրաչ Բերբերյանը։

Հարցին, թե ջերմոցային տնտեսությունը մեր գյուղատնտեսության որ մասն է կազմում, փորձագետը նկատեց՝ թվերը հիմնականում տարբեր են, սակայն ոլորտն ամեն դեպքում ինքնաբավ չէ։

«Ջերմոցային արտադրանքը նաև ՌԴ ենք արտահանում, բայց բնականաբար մեզ չի հերիքում, և թուրքական լոլիկը հայտնվում է մեր շուկայում»,-ասաց Հրաչ Բերբերյանը։

Վերջինս ընդգծեց՝ սահմանը բաց պահելուն զուգահեռ այն նաև պետք է անառիկ պահենք, քանի որ Թուրքիայից սննդի միջոցով կարող են հիվանդություններ ներթափանցել, հետևաբար այս առումով ուշադիր և հնարավորինս խիստ պետք է լինենք։

Փորձագետը նաև հավելեց, որ գյուղացու վիճակն այսօր շատ վատ է, և կառավարությունը պետք է ապահովի նրան պարարտանյութով։

«Պարարտանյութն անցած տարվա համեմատ 2 անգամ թանկացել է։ Կառավարությանը կոչ եմ անում, որ անպայման այս տարի պարարտանյութը սուբսիդավորեն, որ գյուղացուն այս վիճակից կարողանան հանել։ Հակառակ պարագայում գարնանը բունտ կհասունանա»,-նշեց Հրաչ Բերբերյանը։