Վրաերթի են ենթարկել 34-ամյա կնոջ, որը տեղում մահացել է


Վրաերթի են ենթարկել 34-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
Հունվար 24 19:28 2022

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Կարապետյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին, հայտնում է shamshyan.com-ը:

 
 
 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

 
 
 

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Դալաքյանի գլխավորւթյամբ։

 

Փաստի առթիվ Ա. Դալաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ ձյան մեջ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: