Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը, կորոնավիրուսի համավարակի համատեքստում, Եվրամիության չափորոշիչներով կանաչ գոտում էր: Սակայն նախորդ 2-3 օրվա ընթացքում երկիրը կտրուկ մտավ նարնջագույն գոտի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Մասնագետի խոսքով՝ երկրում վերջին օրերին գրանցվում է հիվանդացության կտրուկ աճ, իսկ վարակի վերարտադրողության ցուցանիշը աճել է եւ հասել է 2.3-ի: Ավելին, բոլոր մանկապատանեկան խմբերում եւս գրանցվում է հիվանդացության բարձրացում:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է.
298 նոր դեպք
5763 թեստավորում
111 առողջացած
4 մահվան դեպք:
Այս պահի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811 դեպք, որոնցից 333 311 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8014 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է:
Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում: