Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը․Արտակ Բեգլարյան


Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը․Արտակ Բեգլարյան
Հունվար 3 18:38 2022

Այսօր ևս մեկ անգամ պատվաստվեցի Քովիդ-19-ի դեմ, այս անգամ՝ բուստերային, քանի որ ամիսներ առաջ կրկնակի պատվաստում եմ անցել: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը, կարևոր և՛ սեփական, և՛ ձեր հարազատների առողջության ու կյանքի համար: Քանի դեռ կորոնավիրուսի հաջորդ ալիքը վրա չի հասել, հարկ է ժամանակին պատվաստվել ու կտրուկ նվազեցնել ծանր հիվանդանալու ու այլոց վարակելու հավանականությունը:

Որքան էլ կորոնավիրուսի դեպքերը նվազել են, միևնույն է՝ արձանագրվում են մահվան դեպքեր, և ամեն մեկը մի ընտանիքի լույս է: Օրինակ, օրեր առաջ, 38 օր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում գտնվելուց հետո, մահացավ 40 տարեկան մի կին (երկու երեխաների մայր), ով կողմնակի էական հիվանդություններ չուներ: Եվ հաջորդը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը կամ մեր հարազատը, և դա կանխելու միակ ուղին պատվաստվելն է՝ առանց հավատալու առասպելներին ու բամբասանքներին: Ի դեպ, իմ խիստ հորդորով՝ պատվաստվել են նաև իմ ընտանիքի անդամները՝ կինս ու եղբայրներս, ընդ որում՝ կինս կերակրող մայր է:

Նշեմ, որ շուրջ երկու շաբաթ առաջ երբ ծննդատան մի խումբ բուժաշխատողներ կոլեկտիվ դիմում գրեցին Հանրապետության նախագահին թեստավորման պահանջի ու պատվաստման մասին, դրանից անմիջապես հետո պատվաստման դեպքերը նշանակալիորեն նվազեցին: Երբ այցելեցինք ծննդատուն ու հանդիպեցինք դիմումատուներին, պարզվեց, որ նրանցից շատերը պատվաստված են և միտում չունեին պատվաստման գործընթացին վնասելու, այլ հիմնականում պարբերական թեստավորման պահանջի դեմ էին ձայն բարձրացնում: Ավելին, հիմնական մասն ընդունեց, որ պատվաստումն անհրաժեշտություն է այս իրավիճակում: Ամեն դեպքում, իրենք իրենց վնասը տվեցին պատվաստման գործընթացին, և, միգուցե, հենց այդ դիմումի պատճառով լրացուցիչ մահեր կունենանք այն մարդկանց շրջանում, ովքեր պատրաստվում էին պատվաստվել, սակայն չգնացին այդ քայլին որոշ անզգույշ բուժաշխատողների դիմումի մասին լսելուց հետո:

Ուստի, սիրելի՛ բուժաշխատողներ և, ընդհանրապես, մարդիկ, եթե նույնիսկ դուք հավատում եք պատվաստման մասին առասպելներին, սակայն համաճարակաբան ու ոլորտի գիտնական չեք, ապա խնդրում եմ պատվաստման դեմ հակաքարոզ անելուց առաջ գոնե մի պահ մտածել, թե ինչ պատասխանատվություն եք ստանձնում մարդկային հնարավոր կյանքերի ու տառապանքի համար...

Առողջություն, պատասխանատվություն ու ողջախոհություն բոլորիս»,- գրել է նա: