2001 թվականին ծնված Լևոնին «Կյաժ» էին ասում։ Լուսավոր ու բարի սիսիանցի տղան, որ թեպետ հետո ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան՝ սովորելու ավագ դպրոցում, իրեն երբեք չպատկերացրեց Սիսիանից դուրս։ Դպրոցն ավարտելուն պես 2019 թվականի հուլիսի 9-ին Լևոնը ծառայության անցավ Ստեփանակերտի Ցոր զորամասում: Վարորդ էր:
Լևոնի մայրը՝ Անուշ Հակոբյանը, «Փաստինֆո»-ին պատմել է, որ սեպտեմբերի 26-ին Լևոնը զանգահարել է տուն, գումար ուզել քաղցր գնելու համար։ Հաջորդ օրն արդեն պատերազմ էր։ Լևոնն էր տանեցիներին հույս տալիս՝ ամեն ինչ լավ կլինի։ Պատերազմը Լևոնին ու Ցորի Դ-20 հրետանավոր տղաներին տարել էր Վազգենաշեն, հետո` թշնամուն դիմակայել են Ֆիզուլի-Հադրութ հատվածի տարածքներում:
«Լյովը չէր պատասխանում։ Ընկերը ասաց պոստեր են գնացել, նորմալ է ամեն ինչ։ Փախած զինծառայողներից մեկն ասել է Լևոնի դեմքը վառված էր, բայց ինքը մեզ ոչ մի բան չէր ասել։ Գիտեմ մենակ որ եղել են նաև ֆիզուլիում ու Հադրութում՝ Ջուվառլու տարածքում, որտեղ դեպքը եղել է սխալ հրամանների պատճառով։ Ջալալը, Գևորգը, որը հիմա կալանքի տակ է, Գենադին, Արիկը ասել են մերոնք են՝ չկրակեք։ Երեխեքը ոչ մի բան չեն կարողացել անել։ Բարձիթողի էին՝ մեկը մայկայով, մյուսն առանց զենքի, բռոնի ժիլետի։ Հանգիստ են եղել՝ իմանալով, որ մերոնք են։ Սարերից իջնելիս Թովմասյանն ասել է շարժ կա, իմացել են, որ մերոնք չեն, հրաման են տվել ու փախչել։ Հրամկազմը ու մի քանի երեխա դուրս են եկել, իսկ մեր երեխեքը չեն փրկվել»։
Հոկտեմբերի 10-ին Լևոնը կապվել է բոլոր հարազատներին ու ասել, որ մի քանի օր կապ չի լինի, չանհանգստանան։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 5-ն անց 30-ի սահմաններում Ֆիզուլի-Հադրութ տարածքի Ուխտաձոր հատվածում էին։ Տանեցիները հետո են իմացել, որ Լևոնը վիրավորվել է ոտքից, փորձել է հեռանալ կրակի տակից, հետո ոչ ոք նրան այլևս տեսել։
«Հուղարկավորելոց հետո ծնողները ողջ մնացած տղաներից մեկին՝ Յուրային էին տեսել։ Նրա ասելով՝ հրանոթը լիցքավորելու ժամանակ Լևոնի դեմքը վառվել է։ Լեյտենանտն ասել է՝ դեպքը եղել է Ջաբրայիլում, ասաց դեմքը չէ՝ մազերը ու հոնքերն են վառվել։ Հիմա ուզում եմ էլի փրկված երեխեքին հանդիպել։ Կռվի ժամանակ խոսել եմ հրամանատարի՝ Գևորգյանի հետ։ Հանգստացնում էր՝ ասում էր ոտքից է վիրավոր եղել։ Ասել է՝ չորս երեխա փախել է հակառակ ուղղությամբ։ Մենք ուզում էինք իմանալ Լևոնն իրենց հե՞տ է եղել, ասաց՝ երկուսը ոտքից վիրավոր էին, Լևոնը ու մի տղա հակառակ ուղղությամբ են գնացել։ Նորիկը՝ հրամանատարը, օգնություն է խնդրել, սպեցնազը պետք է մտներ, բայց զոհ են տվել, հետ քաշվել»,- պատմել է տիկին Անուշը։
Հարազատները տեսել էին զորամասի զոհվածների այն տեսանյութը, որ ադրբեջանցիներն էին տարածել համացանցում` ցույց տալով զոհվածների դեմքերը: Բոլորը ճանաչել էին իրենց տղաներին, բայց Լեւոնը չի եղել նրանց մեջ։ Ծնողները հույս ունեին, որ որդին ողջ է, որ մի տեղ թաքնված է, կամ` գոնե գերի է։ Անծանոթներն էլ փաստում էին՝ տեսել են Լևոնին։
«Մի անծանոթ տղա ասել է, որ առաջին մարտկոցի պատմութունն այնքան խուճուճ է՝ պետք է հրամկազմին պինդ բռնեք, որ կծիկը բացվի։ Շատ խուճուճ ու մութ պատմությունն է, սխալ հրամաններ են եղել»։
Զինծառայողի հարազատների համար դժոխային կյանք էր սկսվել։ Անվերջ որոնումների մեջ էին շուրջ ինը ամիս։ Փնտրում էին որդուն բոլոր հնարավոր ու անհնարին տեղերում` հույս փայփայելով, որ Լևոնը կվերադառնա։ Զատկի օրը լսեցին չարաբաստիկ առաջին լուրը՝ ԴՆԹ համընկնում կա։ Հուլիսի 3-ին Լեւոնի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում, բայց ծնողները շարունակում էին ինչ-որ անբացատրելի հույս տածել, որ Լեւոնը ողջ է։
«Սկզբնականում եղել է ատամնաշարը՝ ծնոտը գանգով։ Ծնոտից համընկնում չի եղել, ատամներից է եղել։ Ինձ տվել են ատամ, բայց չենք կարողանում հիշել՝ ինքը հավաքած ատամ ունի, թե չէ։ Մենք հուլիսի երեքին ենք հուղարկավորել Լևոնին։ Հույս ունեի թյուրիմացություն է, գերի կլինի։ Ես ասում էի՝ մինչև բոլորը չհայտնվեն՝ չեմ հավատա, որ չկա Լևոնը։ ԴՆԹ-ն սկզբում համընկել էր, ծնողներով տարածք էին մտել։ Լևոնի մեքենայի թուղթը գտել, համոզվում էի, որ գերի է, ինձ չեն ասել, որ համընկնում է եղել այդ ժամանակ»։
Թշնամին միայն մեկ տարի ու երկու ամիս անց հայկական կողմին փոխանցեց անձնուրաց կռված Ցորի Դ-20 հրետանավորների աճյունները և մասունքները։ Գրիգորյանները երկրորդ անգամ լսեցին չարաբաստիկ լուրը։ ԴՆԹ հետազոտությունը երկրորդ անգամ ապացուցեց՝ Լևոնը կյանքը տվել էր հանուն հայրենիքի։ Թշնամին ոտքից մասունք էր հանձնել։
«Երկրորդ անգամ էլ համընկնում եղավ։ Ներաշխարհս խառնվել էր, մինչև մյուսներին գտան նոյեմբերի 8-ին։ Որոնողականների ժամանակ են գտել՝ Ջուվառլույում։ Ադրբեջանցիները, որ տվել էին մասունքները՝ ասել են հերոսներ են ուժեղ մարտեր են վարել, հերոսացրել են մեր տղաներին, ովքեր վիրավոր վիճակում կռվել են։ Նմուշները ամուսինս կտանի, մի քիչ անցնի՝ հանգստանանք, Եռաբլուրի աշխատանքները առաջ տանենք, միասին կգնանք դուրս։ Լևոնի ոտքի, ծնկից ներքև մի փոքր մաս է, դրանից էլ կտանենք։ Մյուս տղաների աճյունների հետ մասունքները տվել են մեզ»։
Մայրն ասում է ՝պայքարելու են։ Բոլոր մեղավորները պատասխան պետք է տան ու միայն այդ ժամանակ գուցե ծնողները մի փոքր հանգստություն կգտնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։