Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնը, որը բացվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում, այսօրվանից արդեն ընդունում է շահառուներին։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Կենտրոնի նպատակը բուժման հիմնական մեթոդներին զուգահեռ վիրավոր զինվորների հոգեբանական վերականգնումն է։ «Հերոսների վերականգնողական քաղաքի» շահառուները ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորներն ու նրանց ընտանիքի անդամներն են։ Կենտրոնի նախնական ներդրումային գումարը եղել է ընդամենը 250 հազար դրամ։
Նախաձեռնության հեղինակ Սուրեն Արեենցը նշել է՝ անվստահություն կար, չէին հավատում անգամ ընտանիքի անդամները։ 7 ամիս անց կենտրոնը դարձել է իրականություն, ու այսօր արդեն ավելի քան 230 հազար դոլարի ներդրում է կատարվել։«Մենք մեր առաջ տղաների համար կենտրոն կառուցելու ու տղաներին չվնասելու խնդիր էինք դրել ։ Այս կենտրոնում առաջին անգամ կիրականացվի հոգեբանական բուժում թվային տեխնոլոգիաների շնորհիվ։ Կենտրոնը խնդիր ունի զբաղվելու հատկապես հոգեբանական վերականգման խնդիրներով, քանի որ թվերը շատ վատն են»,– ասել է Արեենցը։
Նա հայտնել է, որ խոսքը հոգեբանական խնդիրներ ունեցող ավելի քան 12 հազար զինվորականի մասին է` չհաշված զոհվածների ընտանիքների անդամների թիվը։
Կենտրոնում գործում է «Վախի սենյակ», որն անվանվել է Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի անունով (նրան ադրբեջանական զինծառայողները գլխատել էին. խմբ.)։ Պատերազմի թոհուբովով անցած մասնագետներն այդ սենյակում կօգնեն զինվորներին հաղթահարել պատերազմի վախերը:
«Սենյակը տարածաշրջանում առանձնահատուկ է հենց թվայնացված տեխնոլոգիաներով, բուժման ընթացքում օգտագործվելու է հատուկ ակնոց։ Այսինքն` հոգեբանը զրուցում է տղայի հետ, իսկ տեխնիկան օգնում է հասկանալ, թե զրույցի ընթացքում ինչ իմպուլսներ է նա տալիս, ինչից է վախենում և այլն։ Այդ պատկերները թվայնացվելու են, պացիենտներն անընդհատ հայտնվելու են այն միջավայրում, որտեղ վախեր է ունեցել՝ «Բայրքաթար», բազմաթիվ ընկերների կորուստ, ինքնաթիռի պայթյուն։ Իմպուլսների միջոցով փորձ է արվելու կառավարել նրանց վախերը»,– նշել է նախաձեռնության հեղինակը։
Կենտրոնում բուժվելու համար արդեն 300 դիմում կա։ Ծրագրերը շատ են, առաջիկայում նախատեսում են ընդլայնել տարածքը, բացել նաև մանկական հոգեբանական սենյակ, որտեղ անվճար բուժում կստանան զոհված զինծառայողների՝ հոգեբանական խնդիրեր ունեցող երեխաները։
«Հերոսների վերականգնողական քաղաքը» նաև պուրակ ունի Արցախյան 44– օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անունով։Քաղաքում բացվել է նաև առաջին հացատունը, որտեղ աշխատելու են զինծառայողների ծնողները։ Հացատանը թխված առաջին հացը ներկաներին հյուրասիրել է Վահագն Ասատրյանի կինը՝ Հասմիկը։