«Ասում էր՝ մամ, ինչի՞ քնած չես, ես չեմ քնում, որ դու քնես. Սերժը իր 7 ընկերների հետ զոհվել է խրամատում ԱԹՍ-ի հարվածից»


«Ասում էր՝ մամ, ինչի՞ քնած չես, ես չեմ քնում, որ դու քնես. Սերժը իր 7 ընկերների հետ զոհվել է խրամատում ԱԹՍ-ի հարվածից»
Դեկտեմբեր 26 11:50 2021

«Պատերազմի նախօրեին Սերժի հերթափոխության ժամանակն էր, սեպտեմբերի 25-ին Սերժը դիրքերից եկել է զորամաս, սակայն սեպտեմբերի 27-ին տագնապով նորից բարձրացրել են դիրքեր։

Ծառայակից ընկերներն ասում են՝ անգամ ամենաթեժ պահին էլ ժպիտը դեմքին էր, ամեն գմփոցից հետո ասել է՝ տղեք, այսօր էլ սաղ մնացինք:

Սերժս Հադրութում իր ջոկի տղաների հետ թեժ մարտեր է վարել: Երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր գար տուն… արդեն որոշել էինք՝ ոնց ենք դիմավորելու, ով է դիմավորելու: Սեպտեմբերի 29-ին Սերժիս 20-ամյակն էր, զանգեցինք շնորհավորեցինք… հոկտեմբերի 1-ին իմ տղեն զոհվել է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող  Սերժ Հակոբքեխվյանի մայրը՝ Արմինե Կարապետյանը:

Տիկին Արմինեն ասում է, որ Սերժը շատ լավ էր ծառայում, իրենց երբեք նեղություն չի տվել, ծառայությանը շատ արագ է հարմարվել:

«Լինում էր, որ երբեմն գիշերն էր զանգում, որ խոսում էի, ասում էր՝ մամ, ինչի՞ քնած չես, ես չեմ քնում, որ դու քնես, տնից մի հոգի պիտի չքնի, որ երկուսս էլ չքնենք, էդպես ո՞ւր կհասնի: Սերժը մինչ պատերազմը ծառայության ընթացքում բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է  սերժանտի կոչում, գերազանց տիրապետել է իր զենքին՝ ПК-ին»,- պատմում է ժամկետային զինծառայողի մայրը:

Սերժ Սերգեյի Հակոբքեխվյանը (մականունը՝ Քեխո) ծնվել է 2020թ. սեպտեմբերի 29-ին Երևանում։ 2019թ. հունվարին զորակոչվել է բանակ, ծառայում էր Հադրութում, առաջին պաշտպանականի 2-րդ գումարտակում։ Սերժը նաև դիրքի ավագ էր, իսկ պատերազմից մեկ ամիս առաջ բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում։

Զոհվել է հոկտեմբերի 1-ին, ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ: Սերժ Հակոբքեխվյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Պատերազմի ժամանակ Սերժը գրեթե ամեն օր զանգել է. վերջին զանգը եղել է սեպտեմբերի 30-ին (մորը, հորը, քեռուն, եղբորը), զանգելիս ասել է, որ եղբայրը լավ նայի մորը:

 

«Էդ օրը, որ խոսեցինք, ասաց՝ ես լավ եմ, դուք ձեզ լավ նայեք, սաղ լավ է, բայց ես զգացողություն ունեի, որ Սերժիս  ձայնը վերջին անգամ եմ լսում… ասացի՝ Սե՛րժ, բալե՜ս , ձենիդ մեռնեմ, տղե՜ս…

Ծառայակիցները պատմում էին, որ Սերժս շատերին է փրկել, վիրավորներին են հանել մարտի դաշտից:

Ես հրամանատարի  հետ խոսեցի, ասաց՝ չեմ թողել, որ գնան մարտի դաշտից բերեն վիրավորներին, որովհետև չափազանց վտանգավոր էր, և ամեն մի զինվորի կյանքը թանկ էր: Բայց երեխեքը գնացել են, օգնել են… Խրամատում 7 ընկերների հետ են եղել, զոհվել են ԱԹՍ-ի հարվածից»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրը:

Տիկին Արմինեն ասում է, որ Սերժը շատ բարի էր, օգնում էր բոլորին, բայց երբեք չէր բարձրաձայնում:

«Ես ամեն օր խոսում եմ իմ Սերժի հետ, նա միշտ ինձ հետ է, ես հասկանում եմ, որ իմ տղեն չի գալու, այլ ես եմ գնալու իմ տղայի մոտ: Կարոտը ահավոր բան է, ուզում ես  գրկել, բայց գիտես, որ դա էս պահին հնարավոր չէ»,- եզրափակում է Արմինե Կարապետյանը:

Անահիտ Չալիկյան