Արցախյան վերջին պատերազմը Գրիգորյանների ընտանիքում էլ է կյանքը երկփեղկել՝ մինչև պատերազմը և պատերազմից հետոյի: Պատերազմը Գրիգորյաններից խլել է նրանց 19-ամյա որդուն:
Ականանետորդ Արթուր Գրիգորյանը 9 ամսվա զինծառայող էր, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ), երբ պատերազմը սկսվեց:
«Արթուրս հարմարվել էր ծառայությանը, զանգելուց ասում էր՝ սաղ լավ է. դա իրեն հատուկ էր՝ ոչնչից չդժգոհել, հարմարվել:
Պատերազմից մի քանի օր առաջ քաղցրավենիք ուղարկեցինք, էդ էլ երեխուս չհասավ, արդեն պատերազմը սկսվել էր:
Արթուրս պատերազմի ժամանակ տարբեր տեղերում է կռվել՝ Ջաբրայիլ, Հադրութ, Կարմիր շուկա, Մարտունի-2:
Ամուսինս պատերազմի երկրորդ օրը կամավորագրվեց, որ գնա իմ բալին հասնի, ամուսնուս Մատաղիս էին տարել, այնտեղ թեժ մարտերի է մասնակցել: Արթուրս շատ ծանր տարավ, երբ իմացավ, որ հայրը կամավորագրվել է:
Ասում էր՝ մամ, պապային ասա՝ թող հետ գա… մամ, ես իմ մասին մտածե՞մ, թե՞ պապայի:
Ամուսինս ասում էր, որ գուցե մարտերի ժամանակ կկարողանա տեսնել Արթուրիս, բայց այդպես էլ հայր ու որդի հանդիպումը չկայացավ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արթուր Գրիգորյանի մայրը՝ Կարինե Գրիգորյանը:
Տիկին Կարինեն պատմում է, որ պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր խոսել են, բայց ոչինչ չի պատմել պատերազմի դժոխքի մասին, փոխարենը մորն ասել է՝ մամ ջան, հանգիստ եղիր, էստեղ ամեն ինչ լավ է: Թե ինչերի միջով է անցել ու քանի անգամ մաշկի վրա զգացել անհավասար կռվի ծանրությունը, միայն իրեն էր հայտնի:
«Օրվա մեջ 1-2 անգամ խոսում էի, որ մի քիչ զանգը ուշանում էր, անհանգստանում էի, ասում էի՝ Արթուր ջան, ինչի՞ չես զանգում, անհանգստանում եմ: Ասում էր՝ մամա ջան, ինչի՞ ես անհանգստանում, ի՞նչ պետք է լինի:
Ասում էի՝ Արթուր, կրակոցները շատ են, ասում էր՝ մամ, էստեղ կրակոց չկա: Այնպես էր խոսում, որ մի օր կատակով ասացի՝ տղա ջան, կարո՞ղ ա դու պատերազմի դաշտում չես, գնացել ես հանգստանալու:
Ես էդ 34 օրերի ընթացքում շատ անհանգիստ էի, ոչ մի լավ բան մտքովս չէր անցնում, բայց ներքուստ հավատում էի, որ Աստված իմ բալին կօգնի, որովհետև Արթուրս շատ բարի էր, և մի օր էդ բարությունը Աստված իր դեմ է բերելու:
Չէի կարողանում քնել, գիշերները արթնանում էի և աղոթում, անդադար աղոթում էի:
Վերջին անգամ հոկտեմբերի 29-ին եմ Արթուրիս հետ խոսել… էդ օրը 3-4 անգամ զանգեց, էնքան ուրախ էր էդ օրը, ասում էր՝ մամ, էստեղ հանգիստ է, ամեն ինչից պրծանք, մենք Մարտունի-2 ենք եկել, էստեղ լավ է:
Էդ օրը ասաց՝ մամ, մեքենա է գալու, վաղը լողանալու ենք, խորոված ենք ուտելու, ու դա իր վերջին զանգն է եղել:
Իրենք Հադրութում շրջափակման մեջ էին ընկել և մի կերպ կարողացել էին դուրս գալ շրջափակումից, և երեխեքը մտածել են, որ ամեն ինչ վերջացավ:
Զարմանալին այն է, որ Արթուրիս զոհվելու օրը՝ հոկտեմբերի 30-ին, ես ոչ մի վատ կանխազգացում չունեի, սիրտս հանգիստ էր, ասում էի՝ կզանգի հիմա, բայց միշտ ես եմ ասել՝ զանգեմ երեխուս, որ զանգը մի քիչ ուշանում էր, խառնվում էի իրար, անհանգստանում էի:
Արթուրս հունվարին պիտի զորացրվեր, քանի մոտենում է զորացրվելու օրը՝ էնքան վատ եմ զգում ինձ… ես մինչև այս պահը մտածել եմ, որ իմ տղեն դեռ բանակում է»,- պատմում է հերոսի մայրը՝ Կարինե Գրիգորյանը:
Որդին շատ երազանքներ ուներ, բայց ասել է՝ հայրենիքին պարտքս տամ, հետո նոր:
«Արթուրս դերասանական շնորհ ուներ, մտածում էի, որ թատերական կրթություն կստանա, բայց մի անգամ ասաց, որ ուզում է օպերատոր դառնալ:
Ասաց՝ մամ, բանակ գնամ-գամ, հանգիստ խղճով կսովորեմ: Արթուրս էն տեսակն էր, որ ես հանգիստ էի իր համար. ուր էլ լիներ, ինչ էլ դառնար, իրեն սիրելու էին»:
Պատերազմից մեկ տարի անց տիկին Կարինեն շատ հարցեր ունի, ասում է՝ ես ամեն ինչ Աստծուն եմ թողել, թող Աստված որոշի՝ ով է մեղավոր և ինչպես:
Արթուր Արմանի Գրիգորյանը ծնվել է 2001թ. Երևանում: Տղայի մոտ դեռ փոքր տարիքից է եղել սերը արվեստի նկատմամբ: Մյուս տարերքը ֆուտբոլն էր:
Արթուրը 34 օր կռվել է, զոհվել է հոկտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից:
Անահիտ Չալիկյան