Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ տիկին Գայանեն, նախքան որդու մասին պատմելը ասում է՝ Հակոբիս մեջ պատասխանատվության զգացումը շատ բարձր էր, երբեք չի հիասթափեցրել մեզ:
«Հակոբս բարձր տրամադրությամբ գնաց բանակ, ծառայել է Ստեփանակերտի «Ցոր» զորամասում որպես հրետանավոր:
Մինչև պատերազմն ասում էր՝ մամ, բանակից որ գամ, ի՞նչ պատվոգիր կամ մեդալ պիտի բերեմ, որ համալսարանի վարձը զեղչեն: Ասում էի՝ տղես, իմ իմանալով մենակ պատերազմի մասնակիցներին են զիջում, համ էլ դրա մասին ինչի՞ ես մտածում: Ասում էր՝ մամ, բա երկու ուսանող ո՞նց պահես, դժվար է: Հակոբը իրենից փոքր քույր ունի, նույն համալսարանի երկրորդ կուրսի ուսանող է:
Պատերազմի ժամանակ ասում էր՝ մամ, գալու եմ և շարունակեմ ուսումս, ասացի՝ տղես, վերջը պատերազմի մասնակցեցիր, որ վարձդ զեղչվի՞, ասաց՝ մամ ջան, հո քեզ նեղություն չէի տալու:
Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ակնայի, Քարինտակի և Շուշիի համար մղվող մարտերին, ոչ մի անգամ ցույց չի տվել, որ ինքը վտանգավոր տեղում է: Ծառայակից ընկերը ինձ պատմեց, որ Հակոբը իր ճշգրիտ հաշվարկներով խոցել է թշնամու մեծաթիվ զրահատեխնիկա: Երբ զանգում էր, մեզ ոչինչ չէր ասում, միայն մի անգամ է ասել, որ տանկ է խոցել: Հարցնում էր՝ էդտեղ ի՞նչ են ասում, երբ ասում էի՝ շուտով կռիվը կվերջանա, կամ լավ կլինի, ասում էր՝ լա՛վ, բայց հիմա եմ հասկանում էդ բառի տակ եղած իմաստը:
Երեխեքը 42 օր կռվել են, 42 օր անցել են դժոխքի ճանապարհը և պատվով կատարել բոլոր հանձնարարություններն ու օպերացիաները՝ մինչև վերջ հավատարիմ մնալով տրված երդմանը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը:
Հակոբ Վարդանի Եղիազարյանը ծնվել է 2000թ. օգոստոսի 4-ին Երևանում։
Դպրոցն ավարտելուց հետո 2018թ.-ին ընդունվել է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության բաժինը, ուսումը կիսատ թողնելով՝ 2019թ. հունվարին զորակոչվել է բանակ: Ծառայել է Ստեփանակերտի «Ցոր» զորամասում:
Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ակնայի, Քարինտակի և Շուշիի համար մղվող մարտերին։ Զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում:
Հայրենիքին անձնուրաց ծառայության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով:
«Հոկտեմբերի 27-ին Հակոբիս դասակին ուղարկում են Քարինտակ, մինչև նոյեմբերի 5-ը կռվում են, նոյեմբերի 5-ին շրջափակումից մի կերպ դուրս են գալիս դեպի ճանապարհ, տղաներից մեկը զանգում և ասում է, որ էստեղից դուրս ենք եկել, դա հրաշք է, երկրորդ անգամ ենք ծնվել։
Երկու օր մնում են ճանապարհի վրա, Ստեփանակերտ պիտի իջնեին, բայց չգիտես ինչու, հրամանը փոխվում է դեպի Շուշի բարձրանալ, նոյեմբերի 7-ի առավոտյան՝ 10-11-ն ընկած հատվածում, Հակոբս զանգեց, ասեց՝ լավ է, քեզ լավ նայի, մերս… երևի հրաժեշտ էր դա, ես դա չհասկացա: Ժամը 5-ի սահմաններում հորեղբոր տղային է զանգել և ասել, եթե երկու ժամից չզանգեմ, տնեցիքին մի բան խաբի, ասա, որ զարյադկա չկա հեռախոսի մեջ։
Ժ.5։30, երբ արդեն շատ վատ է եղել իրավիճակը, դասակի հրամանատարը փախել էր, տղաները մենակ են մնացել, վիրավոր, Հակոբը կապ է հաստատում զորամասի հրամանատարի հետ, ասում, որ օգնություն է պետք, շրջափակման մեջ են, հրամանատարը ասել է՝ փախի էդտեղից, Հակոբն ասել է՝ բա վաղը ոնց եմ նայելու ձեր աչքերի մեջ, նորից է ասել, որ անտառներով դուրս գա… Հակոբը հրաժարվել է և մինչև վերջ մնացել իր ընկերների հետ, արդեն ժամը 7-ի սահմանում կապը կորել էր, մտածեցինք՝ կապ չկա, այնինչ արդեն ամեն ինչ վերջացել էր, տղաս զոհվել էր»,- եզրափակում է հերոսի մայրը՝ Գայանե Արզումանյանը:
Հակոբի մարմինը հարազատներին հաջողվում է գտնել որոնումների 4-րդ ամսում՝ փետրվարի 17-ին:
Անահիտ Չալիկյան