«Նոյեմբերի 9-ին որ հրադադար տվեցին, ես ավելի տխրեցի, որ երեխեն չզանգեց»․ Անդրանիկը զոհվել է Շուշիում՝ դիպուկահարի գնդակից


«Նոյեմբերի 9-ին որ հրադադար տվեցին, ես ավելի տխրեցի, որ երեխեն չզանգեց»․ Անդրանիկը զոհվել է Շուշիում՝ դիպուկահարի գնդակից
Դեկտեմբեր 23 06:03 2021

Անդրանիկ Ապերյանը մեկ ամսից պետք է ավարտեր զինվորական ծառայությունը և տուն վերադառնար։ Սակայն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Ապերյաններն այդպես էլ Անդրանիկին չհանդիպեցին: 

«Ցավոք, դեռ երկար կսպասենք»,- հուզվում է Անդրանիկի հայրը՝ Արգամ Ապերյանը։

Ապերյանները 2012-ից բնակվում էին Ռուսաստանում, ծառայության տարիքին հասնելով՝ Անդրանիկն ընտանիքի անդամներին ասել է, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և հայրենիքին իր պարտքը տալ։ 2020-ի հունվարին մեկնել է բանակ, 9 ամիս անց սկսվում է պատերազմը։

«Հնարավորություն կար, որ չուղարկեինք ծառայելու, բայց Անդրանիկն ասեց՝ կգնամ, իմ ծառայությունը կանեմ, խիղճս հանգիստ կգամ։ Որ ես չգնամ, մյուսը չգնա, ո՞վ պիտի ծառայի»,- պատմում է հայրը։

Հայրը պատմում է, որ որդին ծառայել է հայտնի Եղնիկների զորամասում, պատերազմի ընթացքում էլ մարտերին մասնակցել է այնտեղ, հետո արդեն ներգրավվել է հետախուզական խմբում և հոկտեմբերի վերջին մեկնել Շուշի։

Հարազատները հիշում են, որ երբ խոսել են Անդրանիկի հետ, նա հանգստացրել է բոլորին՝ սաղ լավ ա։

«Մենք հետո ենք իմացել՝ ընկերներից, որ Շուշիի պաշտպանության ժամանակ մարդիկ են պետք եկել, ասել են՝ հանձնարարություն կա Շուշին պաշտպանելու համար, ջոկատ են կազմում, ինքն էլ իրա կամքով ասել ա՝ ես էլ կգնամ։ Էդ օրը զանգեց, ասեց՝ մի հատ հանձնարարություն կա, գնում ենք, անենք-գանք, ասեցի՝ ո՞ւր ես գնում, չասեց։ Ռեպորտաժներ որ գցում էին, մենք դրանցում ենք տեսել իրան Շուշիի մատույցներում»,- ասում է հայրը։

Վերջին անգամ Անդրանիկը ընտանիքի հետ կապ է հաստատել նոյեմբերի 6-ին, որից հետո ընտանիքն այլևս որևէ լուր չի ստացել որդուց։

Հայրն ասում է՝ սիրտն արդեն զգում էր, որ մի բան այն չէ։

«Նոյեմբերի 9-ին, որ հրադադար տվեցին, ես ավելի տխրեցի, որ երեխեն չզանգեց, ասեցի՝ ուրեմն մի բան էն չի։ Բարեկամներիս զանգեցի, ասեցի՝ գնացեք էդ ուղղությամբ՝ Եղնիկներ։ Նոյեմբերի 11-ին Սևանի հիվանդանոցից գտան երեխուն: Նկարագրելու չի էդ ցավը, ոչ մի ծնողի չեմ ցանկանա, որ դա զգա»,- հուզվում է հայրը։

Ծնողներն ասում են՝ Անդրանիկը զոհվել է դիպուկահարի գնդակից՝ վիրավոր ընկերոջը օգնության հասնելիս։

Որդուն կորցնելուց հետո Ապերյանների ընտանիքը որոշել է Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան։ Անդրանիկի մայրը, հայրը, մեծ եղբայրը վերադարձել են հայրենիք։

«Արմավիրի մարզի Վանանդ գյուղում ենք հուղարկավորել, էլ ո՞նց իմ երեխու շիրիմը թողնենք, գնանք, գնում ենք գերեզմաններ, զրուցում եմ, խիղճս հանգստանում ա»։

Հոր խոսքով՝ որդին շատ ժպտերես էր, անգամ պատերազմի ժամանակ արված նկարներում է Անդրանիկը ժպտում։

Հայրն ասում է՝ որդին յուրահատուկ համեստություն ուներ, երբեք չէր պատմում իր հաջողությունների մասին։ Ծնողական ժողովների ժամանակ էին իմանում, որ Անդրանիկը օլիմպիադաների է մասնակցել և հաղթել։

«Հիմա էլ բացում ենք պայուսակը, տեսնում ենք՝ ոտանավորներ ա գրած։ Ինքը ոչինչ չէր ասում, պատերազմին էլ մենք ոչ մի բան իրանից չէինք իմանում, ասում էր՝ սաղ տոչնի ա»։

 

Արգամն ասում է՝ որդու կորստից հետո ընտանիքը ծանր սթրես է տարել, սակայն ապրում են, որ Անդրանիկի հիշատակը վառ պահեն։

«Ես ինձ կորցնում էի, բայց հասկացա՝ ինձ կորցնելով իրա անունը կգցեմ։ Ես իրա խաթր եմ ապրում»,- ասում է հայրն ու լռում։

Անդրանիկ Ապերյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am