«Շատ ընկերներ եմ կորցրել և չէի կարող չշարունակել ծառայությունս». կապիտան Վ. Դաղունց


«Շատ ընկերներ եմ կորցրել և չէի կարող չշարունակել ծառայությունս». կապիտան Վ. Դաղունց
Դեկտեմբեր 21 21:37 2021

27-ամյա կապիտան Վոլոդյա Դաղունցը դեռ փոքր տարիքից սիրում էր զինվորականի մասնագիտությունը, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, այնուհետև սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Թե ինչու է ընտրել զինվորականի բարդ ճանապարհը, Վոլոդյա Դաղունցն ասում է, որ մեր երկիրը շրջապատված է թշնամիներով, և զինվորականների պահանջ միշտ էլ կա:

Վոլոդյան 2016թ.-ին, ավարտելով բուհական կրթությունը, ծառայության է անցել Մեխակավանում:

 
 

կապիտան«Սեպտեմբերի 25-ից եղել եմ մարտական հերթապահության, սեպտեմբերի 27-ին 7:30-ի կողմերը կռիվը սկսվեց… մենք խուճապի չենք մատնվել, ամեն մեկս գիտեինք՝ ինչ ենք անում: Գումարտակի հրամանատարների հետ միշտ կապի մեջ եմ եղել, մենք կարողացանք հետ գրավել այն դիրքը, որտեղ հակառակորդը տեղադրել էր իր դրոշը:

Հոկտեմբերի 4-ին ծանր վիրավորում ստացա, բայց հիմա լավ եմ ու շարունակում եմ ծառայությունս: Հուսով եմ, որ դեռ երկար տարիներ կշարունակեմ ծառայել հայրենիքիս: Մեր կռիվը դեռ չի ավարտվել, մենք դեռ անելիք ունենք:

Շատ ընկերներ եմ կորցրել թե՛ սպայական, թե՛ զինվորական անձնակազմից և չէի կարող չշարունակել ծառայությունս, մենք կիսատ թողած գործ ունենք, մենք մեր զոհված ընկերներին պարտք ունենք տալու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, կապիտան Վոլոդյա Դաղունցը:

Վոլոդյա Միշայի Դաղունցը ծնվել է 1994թ. ապրիլի 17-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում:

27-ամյա կապիտանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, իր զինվորների հետ համառ մարտեր են մղել  Ջրականում, հոկտեմբերի 4-ին Վոլոդյան ստանում է վիրավորում:

Վոլոդյա Միշայի Դաղունցը ամուսնացած է, սպասում է իր առաջնեկին:

Նրա խոսքերով՝ սպա-զինվոր  հարաբերություններում կարևորն այն է, որ հասկանաս զինվորի հոգեբանությունը, կարողանաս զինվորին ընկեր լինել, տարբեր տղաներ, յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք:

 

«Ես իմ զինվորներին միշտ ասել եմ, որ դուք պիտի միշտ տարբերվեք բոլորից՝ ձեր մաքրությամբ, ձեր գործով ու ձեր դիրք պահելով»,- եզրափակում է Արցախյան պատերազմի մասնակից Վոլոդյա Դաղունցը:կապիտան

Անահիտ Չալիկյան