Հայր եւ որդի Կոծինյանները հայրենասիրության, պատվախնդրության ու հայրենիքի հանդեպ անսահման նվիրումի բացառիկ օրինակ են: Նրանք կողք-կողքի մարտնչել են Արցախում՝ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած:
Հովիկ Սերգոյի Կոծինյանը պատերազմի ժամանակ երկու ամսվա զինծառայող էր. հուլիսին էր զորակոչվել բանակ: Հովիկը սեպտեմբերի 27-ից եղել է առաջնագծում, 43 օր կռվել է ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Վարանդա, Կարմիր շուկա, Մարտունի-2, Քարվաճառ: Ժամկետային զինծառայողին նոյեմբերի 4-ին Քարվաճառից տեղափոխել են Շուշի, որտեղ էլ նոյեմբերի 8-ին հերոսաբար զոհվել է:
Սեպտեմբերի 28-ից Հովիկ Կոծինյանի պայքարին միանում է հայրը՝ Սերգո Կոծինյանը: Հայր և որդի Կոծինյանները զոհվել են Շուշիում. հայրը՝ նոյեմբերի 5-ին, որդին՝ 3 օր անց:
Հովիկ Սերգոյի Կոծինյանը ծնվել է 2002թ. հունվարի 28-ին, Կոտայքի մարզի Նոր Գեղի (Բանավան) գյուղում։
2020թ. հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութում:
«Ամուսինս սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնեց ռազմաճակատ, որպեսզի Հովիկիս ու մյուս զինվորների կողքին լինի: Այդ օրը ես գնում էի աշխատանքի, ասաց՝ տուր իմ զինվորական գրքույկը, ասացի՝ ի՞նչ ես անում, ասաց՝ տուր… Զինգրքույկը տվեցի, հետո մի քանի ժամ անց զանգեցի, արդեն գնում էր, ճանապարհին էր, ու եթե նա էդպես էր որոշել, ուրեմն էլ ոչ ոք չէր կարող նրան համոզել, որ փոխի որոշումը: Ամուսինս ու որդիս ամբողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ տեղերում են կռվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված Հովիկ Կոծինյանի մայրը՝ Անահիտ Մեծոյանը:
Տիկին Անահիտը պատմում է, որ պատերազմի օրերին, երբ ամուսինն ու որդին զանգել են, ասել են, որ իրենք ապահով տեղում են, բայց խնդրել են աղոթել իրենց համար:
«Նոյեմբերի 1-ին ամուսինս տուն վերադարձավ և սահմանի համար անհրաժեշտ պարագաներ հավաքեց ու նոյեմբերի 4-ին վերադարձավ ռազմաճակատ։
Ասում էր՝ մի՛ հավատացեք, ինչ ասում են, սուտ է, նոր քարտեզ եք տեսնելու շուտով… ասում էր՝ մինչև Շուշին չտան, չի վերջանալու պատերազմը:
Նոյեմբերի 5-ին վիրավորվել է և ընկել կռվի դաշտում: Հովիկս հորը տեղավորել է շտապօգնության մեքենայի մեջ, և այդ պահին Սերգոն, իր ձեռքը մեկնելով տղայիս, ասել է՝ Հովի՛կ, ձեռքդ տուր, կանգնեմ… Հովիկս էլ իմանալով, որ ամեն ինչ լավ կլինի, հորն ուղարկել է Ստեփանակերտ, բայց ճանապարհին ամուսինս զոհվել է: Հովիկս մնում է մարտի դաշտում և ընկնում է շրջափակման մեջ, չի կարողանում դուրս գալ և հերոսաբար զոհվում է նոյեմբերի 8-ին։ Որդուս մարմինը մեզ փոխանցել են նոյեմբերի 16-ին»,- պատմում է տիկին Անահիտը:
Անահիտ Մեծոյանը ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 5-ի առավոտյան, իսկ որդու հետ՝ ամսի 7-ին:
«Ամուսինս որ զանգեց, ասաց՝ գնում ենք Շուշիկ տատիկի տուն, դե ես հասկացա՝ ինչի մասին է խոսքը, ու անընդհատ ասում էի՝ զգույշ կլինեք, խնդրում եմ: Ես դեռ էդպես անհանգիստ չէի եղել… մինչև վերջ վստահ էի, որ իրենց բան չի լինի, և այո, որ չտանեին Շուշի, բան չէր լինի:
Նրանք միշտ էլ եղել են արժանավոր մարդիկ իրենց տանը և շրջապատի մեջ: Ես չգիտեմ՝ ինչ ասեմ… Մեզ ասում են՝ հպարտացեք նրանցով, չնայած ես էդ հպարտ բառը չեմ սիրում, մենք էն ժամանակ էլ էինք հպարտ իրենցով: Ինձ համար շատ դժվար է, շատ… բալիս կարոտից մեռնում եմ, չգիտեմ, շատ եմ կարոտում իրենց: Շնչում եմ, ապրում եմ, որ որդուս և ամուսնուս անունը բարձր պահեմ»,- եզրափակում է Անահիտ Մեծոյանը:
Սերգո Հովիկի Կոծինյանը ծնվել է 1977թ. ապրիլի 13-ին, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում, այնուհետև տեղափոխվել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ:
Անահիտ Չալիկյան