Նախարարի հրամանը այսօրվանից սկսում է գործել


Նախարարի հրամանը այսօրվանից սկսում է գործել
Դեկտեմբեր 18 11:56 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը:

Որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 18-ից։

Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝

 երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,

 բնակության վայրում (տանը, բնակարանում),

 Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),

 անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),

 հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,

 լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,

 ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,

 առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,

 հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,

 

 հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,

 կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,

 դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց»։