Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամի տարածումը կարող է էապես ազդել համաճարակի ընթացքի վրա, փոխանցում է РИА Новости-ն։
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ օմիկրոն շտամը հայտնաբերվել է արդեն 57 երկրում՝ նշելով, որ այդ թիվը շարունակելու է աճել:
««Օմիկրոնի» մի քանի բնութագրեր, ներառյալ նրա գլոբալ տարածումը և մեծ թվով մուտացիաները, հուշում են, որ այս շտամը կարող է զգալի ազդեցություն ունենալ համաճարակի ընթացքի վրա», - ասել է Գեբրեյեսուսը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել աշխարհում տիրող իրավիճակին, որպեսզի հասկանանք՝ կարո՞ղ է օմիկրոնը գերազանցել դելտային, դրա համար ավելի շատ տեղեկատվություն կպահանջվի։ ԱՀԿ ղեկավարը նաև ասել է, որ համաձայն Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկող տվյալների՝ օմիկրոնը մեծացնում է կրկնավարակի ռիսկը: