44-օրյա պատերազմում անմահացած հերոս, N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Արման Մխիթարի Զքոյանը հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:
Արթիկի համայնքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մեդալի հանձման արարողությունը տեղի ունեցավ Արման Զքոյանի տան հարևանությամբ՝ իր հիշատակին տեղադրված խաչքարի մոտ:
Քահանա Տեր Սողոմոն Մինասյանը բոլոր արթիկցիների անունից երախտագիտության և գնահատանքի խոսքեր հնչեցրեց Արմանի և բոլոր անմահացած հերոսների սխրանքների առջև: Ապա ներկաները միասնական տերունական աղոթք բարձրացրեցին առ Աստված:
Կառավարական մեդալի հանձման արարողությունը վստահված էր զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման Արթիկի բաժանմունքի ղեկավար Հրաչ Մելքոնյանին, ով ներկայացրեց Արման Զքոյանի անցած զինվորական փառավոր ուղին, նշելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից դեռևս 2020 թվականին ավագ լեյտենանտ Արման Զքոյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Հայրենիքին մատուցած ծառայության» 1-ին աստիճանի կառավարական մեդալներով:
- Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ի՝ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին 279-Ա հրամանագրի, Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության, բարձր մարտական պատրաստավածության և անմնացորդ նվիրումի համար ավագ լեյտենանտ Արման Մխիթարի Զքոյանը հետմահու պարգևատրվում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:
Հ. Մելքոնյանը պարգևը հանձնեց հերոսի հորը՝ Մխիթար Զքոյանին: Ապա երախտագիտության, ակնածանքի ելույթներով հանդես եկան Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցի սաները: Նրանց համար դպրոցի բակում տեղադրված հուշախաչքարը ամենամեծ հայրենասիրական դաս է, հոկտեմբերի 5-ին Ջրականի արծիվներին միացած և անմահացած Արմանի փառավոր ուղին՝ սխրանքի և անմնացորդ նվիրման վեհ օրինակ: