«Երբ Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել էր, Հայկը տեղը չէր գտնում… նա կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին: Հայկը պատերազմի ժամանակ Կապանի դիրքերում էր, շատ էր նեղվում, որ էդ պահին Արցախում չի կռվում և պատերազմական գործողությունների կենտրոնում չէ:
Հայկն իր մայրիկի միակ զավակն էր, մենք խնդրում էինք, որ չգնա, բայց նա ասում էր՝ ոտքեր էլ ունեմ, ձեռքեր էլ ունեմ, առողջ եմ, ինչի՞ պիտի չգնամ:
Հայկի գնալուց առաջ մեր հարազատներից զոհեր էինք ունեցել, եւ մենք էլ ուժ չունեինք նորից պատերազմի դաշտ ուղարկել մեր հարազատին:
Հայկը կարող էր օգտագործել այն փաստը, որ մայրն իր խնամքին է մնալու, ու չգնար, բայց չարեց… էդպես էր որոշել: Նա ամենից շատ սիրում էր հայրենիքը և ապացուցեց, որ հայրենիքը բառերով չպիտի սիրել:
Անգամ պարտադիր ժամկետային ծառայության ժամանակ, երբ իր միակողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքը իրեն թույլ էր տալիս, որ մոտ ծառայի, ինքը ամեն ինչ անում էր, որ Արցախում ծառայի: Ասում էր՝ ես պիտի Արցախում ծառայեմ, տղու տեղը Արցախն է, Արցախում են տղամարդ դառնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմի ժամանակ զոհված կամավորական Հայկ Գրիգորյանի հորեղբոր կինը՝ Աննա Գրիգորյանը:
«Հայկը պարզ, մաքուր, անկեղծ մարդ էր… միշտ ասում էինք՝ Հայկ, քո միակ թերությունը քո միամտությունն է: Շուտ էր նվիրվում, կամեցող էր, վերջին շապիկն էլ ուզեիր, ինքը կարող էր մնալ, բայց տար դիմացինին:
Երազանքներ շատ ուներ, բայց ոչ բոլոր երազանքների մասին էր ասում. ուզում էր ընտանիք կազմել և Երևանում բնակարան ունենալ»,- պատմում է Աննա Գրիգորյանը:
Հայկ Գագիկի Գրիգորյանը ծնվել է 1998թ. հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Նրա ծնվելուց երեք ամիս անց մահացել է հայրը, իր մոր միակ զավակն էր։ 2014թ.-ին ընդունվել է Կապանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության: Ծառայել է Սիսիանի զորամասում, ծառայության ժամանակ արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի։
44-օրյա պատերազմի ժամանակ Հայկ Գրիգորյանը, փրկելով վեց զինակից ընկերներին, անմահանում է նոյեմբերի 1-ին Դավիթ Բեկի պաշտպանական դիրքում։
Աննայի խոսքերով՝ երբ խոսել են Հայկի հետ, չնայած դրանք կարճ տևողությամբ են եղել, Հայկը լավատեսորեն է գնահատել իրավիճակը և մեծ հավատ է ունեցել, որ հաղթելու ենք:
«Նոյեմբերի 1-ին, հերթական հերթապահության ժամանակ մարտական ընկերը՝ դիպուկահար Մայիսը, նկատելով հակառակորդի դիպուկահարին, տեղեկացնում է Հայկին, և Հայկն էլ շտապ մոտենում է, որպեսզի տեսնի հակառակորդի դիպուկահարին, այդ պահին թշնամու կրակոցից վիրավորվում են Հայկն ու Մայիսը։ Հայկը, փրկելով վեց զինակից ընկերներին, անմահանում է նոյեմբերի 1-ին Դավիթ Բեկի պաշտպանական դիրքում։
Ճակատագիրն իրենն արեց… Հայկը Արցախում չծառայեց ու զոհվեց Դավիթ Բեկում: Մարդը չէ որոշողը, չեմ կարող ասել՝ ինչ կլիներ, եթե Արցախում լիներ»,- եզրափակեց Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հերոսի հորեղբոր կինը՝ Աննա Գրիգորյանը:
Անահիտ Չալիկյան