«Պատերազմից 7 ամիս առաջ էինք ամուսնացել… հույսով ու հավատով սպասում եմ, որ իմ հերոսը վերադառնալու է»


«Պատերազմից 7 ամիս առաջ էինք ամուսնացել… հույսով ու հավատով սպասում եմ, որ իմ հերոսը վերադառնալու է»
Դեկտեմբեր 1 17:50 2021

Ավագ լեյտենանտ Ռաֆիկ Հովսեփյանին մեկ շաբաթ առաջ են հուղարկավորել: Հովսեփյանների ընտանիքին պատերազմից մեկ տարի անց հաջողվեց գտնել իրենց որդու աճյունը և հանձնել հողին:

Ավագ  լեյտենանտ Ռաֆիկ Հովսեփյանը պատերազմի առաջին օրից բարձրացել է Ջրականի դիրքեր, վերջին անգամ հարազատների հետ խոսել է հոկտեմբերի 6-ին, և այդ օրվանից սկսվել են Հովսեփյանների համար սպասումի երկար օրերը: Ուր ասես  և ում ասես դիմել են, բայց ոչ մի հստակ պատասխան չեն տվել իրենց հուզող հարցերին:

ԳԱԼԱ-ն զրուցել է ավագ լեյտենանտ Ռաֆիկ Հովսեփյանի կնոջ՝ Կարինե Կուրղինյանի հետ:

 
 

«Պատերազմից  7 ամիս առաջ էինք ամուսնացել… և՛ բարդ էր, և՛ պատասխանատու սպայի կին լինելը: Շատ խստապահանջ էր, մաքրասեր, ամեն ինչ պետք է դասավորված լիներ, ինչպես հարկն է։

Ես և Ռաֆոն նշանվել ենք ընդամենը երկու օրում՝ հայրիկիս ընկերներից մեկի ու իր քրոջ միջնորդությամբ։ Նկարներս արդեն նայել էր, շատ էր հավանել ինձ։ Շատ ուրախ էր եկել։ Միշտ ասում էր՝ ինձ տեսար, ուրախությանդ չափ ու սահման չկար։ Ասում էի՝ չէ, Ռաֆ, ուղղակի տատիկն էր ծիծաղեցնում։ Ու չհասկացանք, թե ինչպես ու ինչքան արագ ստացվեց ամեն ինչ։ Չէի էլ պատկերացնի, որ օրերի կամ ամիսների ընթացքում ես այդքան կսիրեի նրան:

Ամուսինս նախքան պատերազմը Ագարակի զորամասում էր ծառայում, իսկ պատերազմի  ժամանակ տեղափոխել էին Ջրական՝ Ջաբրայիլ:

Ռաֆոյի հետ հավասար ծառայում էի… Պատերազմի օրերին ես անընդհատ լացում էի, վախենում, բայց փորձում էի թաքցնել Ռաֆոյից, չզգա՝ վախենում եմ: Ընկերներից մեկին ասել էր՝ ես Կարինեիս չեմ ասի, որ Ջաբրայիլ են տանում, որ իմանա, շատ կնեղվի, կլացի, ես լավ գիտեմ»,- պատմում է Կարինեն:

Ռաֆիկ Արամի Հովսեփյանը ծնվել է 1993թ. հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզի Արևշատ գյուղում։ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2016 թ.-ին ավարտելով ուսումը՝ ծառայության է անցել Ագարակ քաղաքի զորամասում որպես դասակի հրամանատար:

Հոկտեմբերի 6-ին վերջին անգամ խոսել է կնոջ հետ և խոստացել՝ հետ է գալու, որ ամեն ինչ լավ կլինի, իսկ վերջին անգամ զինծառայակիցների հետ կապ է հաստատել հոկտեմբերի 8-ի լուսադեմին։

«Ռաֆոն շատ  հայրենասեր էր և նվիրված էր իր ծառայությանը, սիրված էր բոլորի կողմից՝ իր բարության, սրտացավության համար։

Հոգատար ամուսին էր, նրբանկատ ու ուշադիր։ Ամեն րոպե ասում էր՝ լավատե՛ս եղիր, ամեն ինչ լավ կլինի։

Մինչև սեպտեմբերի 27-ը ապրել եմ երջանիկ, զգացել եմ ընտանիքի քաղցրությունն ու ջերմությունը, իսկ սեպտեմբերի 27-ից հետո պարզապես շնչում եմ, ամեն ինչ իմաստազրկվել է ինձ համար այս կյանքում։ Բազմաթիվ երազանքներ ու նպատակներ անկատար մնացին։

Ես ինձ հպարտ եմ զգում, որ Ռաֆոյի կինն եմ, բայց մյուս կողմից ցավ եմ զգում, որ  կյանքիս  մնացած ճանապարհը  միայնակ եմ անցնելու, առանց Ռաֆոյի:

Ես հույսով ու հավատով սպասում եմ, որ իմ հերոսը վերադառնալու է…»,-եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված  սպա Ռաֆիկ Հովսեփյանի կինը՝ Կարինե Կուրղինյանը:

 

Անահիտ Չալիկյան