«Դուստրը ծնվել է Անդրեյի քառասունքի օրը, և ի հիշատակ հոր՝ դստերը Անդրեա են անվանակոչել». հերոս սպայի մոր պատմությունը


«Դուստրը ծնվել է Անդրեյի քառասունքի օրը, և ի հիշատակ հոր՝ դստերը Անդրեա են անվանակոչել». հերոս սպայի մոր պատմությունը
Նոյեմբեր 21 10:40 2021

«Անդրեյը լավ զավակ էր ինձ համար և լավագույն հրամանատար բանակի համար: Փոքրուց Անդրեյի երազանքը զինվորական դառնալն էր, ասում էր՝ պիտի ծառայեմ հայրենիքիս: Ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ  և ավարտելուց հետո անցավ ծառայության: Սիրում էր թե՛ իր զինվորականի մասնագիտությունը, թե՛ իր համազգեստը…

Անդրեյը ինչքան իմ որդին էր, էդքան էլ հայրենիքինն էր: 2011թ.-ից ծառայել է Վարանդայում (Ֆիզուլի): Հայրենիքին ծառայելն իր ընտրությունն էր, իր որոշումը: Իր զինվորների համար ավելի շատ ծնող էր, քան հրամանատար: Ծառայությունից տանը ոչինչ չէր պատմում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սպա Անդրեյ Ավագյանի մայրը՝ Լիրա Օհանջանյանը:

«Երբ պատերազմը սկսվեց, Անդրեյը արձակուրդում էր, կանչեցին շտաբ. պատերազմ էր: Մենք մտածում էինք, որ 2016թ.-ի նման մի քանի օր կտևի, պարզվեց՝ էս մեկը սարսափելի է: Պատերազմի սկզբի օրերին կապ չկար, մի քանի օր չենք կարողացել Անդրեյի հետ խոսել, հետո համարյա ամեն օր զանգում էր… խոսակցությունները սկսվում և վերջանում էին՝ ամեն ինչ նորմալ է, ձեզ լավ նայեք: Իրեն պինդ էր պահում, որ մենք չհուսահատվենք: Ասում էր՝ ամեն ինչ շատ լավ կլինի:

 
 

Աշխույժ էր, մարդամոտ, ընկերասեր… ինչքան դրական հատկանիշներ որ կան, դրանք կարծես Անդրեյի մեջ էին ամփոփված: Բոլորը սիրում էին Անդրեյին: Բնավորությամբ մեղմ էր, ազնիվ ու մաքուր»,- շարունակում է Անդրեյ Ավագյանի մայրը:

Տիկին Լիրան պատմում է, որ հայրենիքի հանդեպ սերը Անդրեյի մոտ շատ խորն էր, սիրահարված էր Արցախի հողին, գուցե դա նաև նրանից էր, որ հայրը ազատամարտիկ էր և կյանքը տվել է հանուն Արցախի:

Կապիտան Անդրեյ Յուրիկի Ավագյանը ծնվել է 1990թ. հունվարի 31-ին Հադրութի շրջանի Տումի գյուղում, որպես տանկային վաշտի հրամանատար ծառայել է Վարանդայում: Անդրեյը ազատամարտիկ Յուրիկ Ավագյանի որդին է, ով զոհվել է 1992թ.-ին:

2007թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, իսկ 2011թ.-ից անցել է ծառայության:

Անդրեյ Ավագյանը մասնակցել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին, պարգևատրվել «Արիության մեդալով»:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից կռվել է Վարանդայի ճակատում. Անդրեյը կռվում էր այնտեղ, որտեղ ամենաթեժ մարտերն էին, նրա զինվորները կասեցնում էին հակառակորդի հարվածները:

Զրահատեխնիկայի խոցվելուց հետո Ավագյանը թշնամու ստորաբաժանումների  հետ կռվել է  ինքնաձիգով: Երիտասարդ սպան և  իր մարտիկները չեն լքել մարտի դաշտը. նրանք վերցրել են ավտոմատներն ու նռնականետերը  և կռվել որպես հետևակայիններ: Աննահանջ կռվել է մինչև հոկտեմբերի 13-ը: Անդրեյ Ավագյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին:

Խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի  շքանշանով: Արժանացել է մի շարք պատվոգրերի և մեդալների:

Անդրեյ Ավագյանը ամուսնացած էր, ունի 2 դուստր, փոքր դուստրը ծնվել է Անդրեյի քառասունքի օրը, և ի հիշատակ հոր՝ դստերը Անդրեա են անվանակոչել:

«Երբ մենք մեր գյուղից դուրս եկանք, Անդրեյը դեմ էր, ասում էր՝ ի՞նչ իմաստ ունի, պատերազմը հո 2-3 օրից ավելի չի կարող շարունակվել: Երևի մտածում էր, որ Ապրիլյանի նման կարճատև կլինի, չնայած մենք էլ էինք էդպես մտածում:

Մենք որ տանից դուրս եկանք, բացի անձնագրից ոչինչ չվերցրինք մեզ հետ, ես նույնիսկ հողաթափերով  եմ տնից դուրս եկել: Դուրս եկանք, որ երեխաների հիշողությունների մեջ չմնային պատերազմի ձայները:

Հիմա մեր տունն էլ, մեր տարածքներն էլ Ադրբեջանի  վերահսկողության տակ են մնացել, բայց էդ ուղղությամբ չենք մտածում… ուր էլ լինես, կստեղծես, կապրես, իմ երեխեն պիտի մեզ հետ լիներ»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրը:

Տիկին Լիրայի ընտանիքն այսօր Աբովյանում են ապրում, տուն են վարձել… ինչքան էլ կորստի ցավը մեծ է, բայց ապրելն ու առաջ նայելը հրամայական է.

«Երեխաներն են հիմա մեզ ապրելու հույս տալիս, էս փոքր երեխեքն են, որ կյանքից կառչել  են տալիս, թե չէ ոչ մի բան չկա: Պատերազմից առաջ մենք ապրում էինք, նպատակներ կային, հիմա ամեն ինչ դատարկ է ու անգույն: Մենք այս պատերազմում կորցրել ենք ամեն ինչ, իսկ մի փոքր ազգի համար էսքան հերոսները շատ են, չափից շատ»,-եզրափակեց Լիրա Օհանջանյանը:

Անահիտ Չալիկյան