«Այդ օրն ամեն վայրկյան սպասում էինք վճռական գրոհի». Տիգրան Սեդրակյան


«Այդ օրն ամեն վայրկյան սպասում էինք վճռական գրոհի». Տիգրան Սեդրակյան
Նոյեմբեր 10 00:45 2021

Պատերազմի մասնակից Տիգրան Սեդրակյանը գրել է. «Սովորաբար հարձակվում էին լուսադեմին՝ ժամը 6-7-ի սահմաններում, տասնյակներով կորուստներ տալիս և նահանջում, առաջխաղացումը լինում էր այն տեղամասերում, որտեղ ճեղքում ունեին, կեսօրն անց այդ տեղամասերում կրկնում էին գրոհը մանր խմբերով՝ հակագրոհի ժամանակ չթողնելով։ Ամսի 9-ին գրոհ չեղավ, փոխարեն ամբողջ ուժերով կուտակում էր տեղի ունենում, մեր հրետանին այնքան ետ էր, որ կրակային ապահովումը մեր թիկունք հազիվ էր հասնում, էլ ուր մնաց դիմացի կուտակումները ճնշի, ականանետային ապահովման մասին էլ այս օրերին երազել կարելի էր միայն։ Դիտորդի կարգավիճակով արձանագրում էինք կուտակումները և մնացորդային ուժերով նախապատրաստվում դիմակայել հերթական գրոհին։ Աջից ամբողջ ճակատը ճեղքված էր, թշնամին ամբողջությամբ մեր ետևում էր, մի նեղ միջանցք էր մնացել, բայց գրեթե տասնօրյա համառ մենամարտից հետո անկյունաքարային դիրքերը ոչ մեկ զիջել չէր պատրաստվում, օրեկան երկու-երեք զոհ, տասնյակ վիրավորներ, մաղվում էինք բառիս բուն իմաստով, զոհված և վիրավոր սպաների պակասը սերժանտների ուժերով էինք լրացնում, շատերն էլ վիրավոր, բայց շարքում էին, զինվոր ունեինք՝ երեք տեղից վիրավոր շարքը չէր լքում չարաբաստիկ տանկերից գոնե մեկը խոցելու հույսով։ Այս օրը ամեն վայրկյան սպասում էինք վճռական գրոհի, դրանց դրոշի օրն էր, գիտեինք և սպասում էինք դիրքավորված, արնաքամ, բայց մարտական, այս անգամ հաստատ վերջին գրոհին դիմակայելու, բոլորս էինք գիտակցում։ 9-ի լույս 10-ի գիշերը 01։00 սահմանում երկինքը կարծես բացվեց և սկսվեց կրակ ու բոց թափվել ճակատի ողջ երկայնքով, ինչ զինատեսակ ունեին զինանոցում, կրակեցին մոտ 40 րոպե..., մեկ պտույտ էլ ինքնաթիռն արեց, պայթյունների ձայներն աղոտ հասան, շատ էր խորացել... և ամեն բան սառեց»: