Կրակողը հատուկ ջոկատային էր, «ցելով եկած» ու ռուսերեն մի ուշունց է տվել. Շուշիի խաչմերուկում ադրբեջանական կրակոցից վիրավորները մանրամասներ են պատմել


Կրակողը հատուկ ջոկատային էր, «ցելով եկած» ու ռուսերեն մի ուշունց է տվել. Շուշիի խաչմերուկում ադրբեջանական կրակոցից վիրավորները մանրամասներ են պատմել
Նոյեմբեր 9 21:34 2021

Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

Վիրավորները Ստեփանակերտի հիվանդանոցում են ու պատմել են դեպքի մանրամասները, թե ինչպես է անծանոթ զինվորական համազգեստով մեկը մոտեցել ու սկսել անհասկանալի ձայներ արտաբերել, գոռալ։

«Մոտներս եկավ ու սկսեց ճղճղալը, գոռգոռում էր։ Գևորգը ռուսերենով ասաց՝ ջուրը բաց է թողնում, մենք սարքում ենք։ Նորից սկսեց ճղճղալը, ռուսերեն ուշունց տվեց, բայց կիսատ պռատ՝ բառերը զոռով էր ասում։ Ասեցինք, որ էլ չենք աշխատի։ Ավտոմատով էր ուզում խփի, պիստալետը հանեց ու տղային կրակեց, սպանեց։ Հետո Գևորգին, հետո Արմենի վզին։ Էքսկավատորը արդեն խոդ էի տվել, դուռը բացեցի, սկսեց ճղճղալ, ասացի գործ չենք անում։ Էն խոխան վիրավոր գնաց նստեց սպրինտերը, Գևորգը եկավ դեպի ինձ, դուռը բացեցի։ Առաջից գնալիս դոշին խփեց, հետո Գևորգի մեջքին, հետո՝ ինձ։ Ուղիղ դիմացս էր կանգնած»։

Վիրավոր Արմենը պատմել է, որ ագրեսիվ պահվածք ցուցաբերածն իրենց շատ մոտ էր գտնվում, կանգնել էր դեմ դիմաց ու ասածներից միայն հասկացել են, որ կիսատ ռուսերենով հայհոյանք է հնչեցրել։ Կրակոցներից հետո ջրմուղկոյուղու աշխատակիցները հասցրել են մեքենայով ճողոպրել դեպքի վայրից։ Վիրավորներից Գևորգն էլ պատմել է, որ ձեռքի հատվածում վիրավորում է ստացել, հասցրել տրակտորի բռնիչին ձեռքը մեկնել ու մյուս վիրավորի հետ շարժվել են դեպի «Զապրավկայի խաչմերուկ»՝ ռուսական անցակետի մոտ։

«Ռուսների պոստում էինք։ Առաջին օգնություն են բերում, սեղմում վերքին, որ շատ արյուն չգնա։ Ասում ենք՝ ձեր շտապօգնության ավտոն բերեք։ Մեզ հիմնարկի մեքենայով տարան։ Ճանապարհին Գագոն է զանգում շտապօգնություն»։

Կասկածները, որ կրակողը ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչ չէ, հաստատեցին նաև ականատեսները՝ վստահեցնելով, որ համազգեստից ենթադրվում է, որ կրակողը թուրք զինվորական էր։

«Ինձ թվում է թուրքական համազգեստ էր՝ հատուկ ջոկատային էր։ Սաղավարտ ուներ, զրահաբաճկոն, ծնկներին պլաստիկ կար՝ պոլնի էպիկիրովկա էր։ Ռուսերեն մի ուշունց է տվել ու էդա։ Նա սովորացրած էր, ցելով եկած էր»,- պատմել է վիրավորը։

Ըստ ականատեսի, այդ հատվածով սովորաբար 2-5 րոպեն մեկ մեքենաներ էին անցնում, սակայն դեպքից առաջ՝ մոտ 15 րոպե ճանապարհին մեքենա չեն նկատել, չեն հասկանում իրենց ինչպես է մոտեցել։ Դեպքը տեղի է ունեցել ռուսական անցակետից 400 մետր հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ 15։00-ի սահմաններում Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից տուժած չորս քաղաքացիական անձ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, որոնցից մեկը՝ 22 տարեկան երիտասարդը, մահացել է։ Թշնամու թիրախի տակ հայտնված ստեփանակերտցիները ջրմուղի աշխատակիցներն էին, աշխատում էին ջրագծի վրա։ Նրանցից մեկը էքսկավատորի վարորդ էր, երեքը՝ բանվոր։

Ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած 30-ամյա Գևորգ Մելքումյանի վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում:

Մյուս 2 վիրավորվածների՝40-ամյա Արմեն Սարգսյանի և 42-ամյա Գագիկ Ղազարյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: