Շանթ Նավոյանը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Կյանքով լեցուն, կյանքը սիրող պատանին իր ապրած 18 տարիների ընթացքում հասցրել էր կրթվել, ստեղծագործել, սիրել ու բանակ զորակոչվել:
«Շանթին շատ ուրախ ենք բանակ ճանապարհել, որ Կապան քաշեց, մենք հանգիստ էինք, բայց տարին երկու անգամ զորավարժություններ էին ունենում Ջրականի շրջանում: Շանթը ծառայում էր Կապանի հրետանային զորամասում: Ծառայության ընթացքում ծառայում էր այնպես, ինչպես պետք է ծառայեր: Շանթը ցանկացած տեղ՝ լիներ դա բանակ կամ այլ տեղ, կարողանում էր իրեն դրսևորել և իր տեղը գտնել. նա միշտ է այդպես եղել: Իր բնավորությունը իմանալով՝ կարող եմ ասել, որ բանակում պիտի խնդիրներ չունենար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Շանթ Նավոյանի մայրը՝ Էլեն Նավոյանը:
Շանթ Գուրգենի Նավոյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում: Ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր քույր ունի:
Շանթը ընդունվել էր Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ, բայց մեկ կիսամյակ սովորելով՝ ուսումը կիսատ է թողել և զորակոչվել բանակ:
«Դեռ սեպտեմբերի սկզբին Շանթենց գունդը տեղակայված է եղել Ջաբրայիլում՝ Ջրականում: Շանթը առողջական խնդիրներ ուներ, մինչ Ջրական տեղափոխվելը 2,5 ամիս Մուրացանի հոսպիտալում էր: Եվ նրան հոսպիտալից միանգամից տեղափոխեցին Մեխակավան: Սեպտեմբերի 26-ից տագնապի հրամանով արդեն այդտեղ տեղակայված են եղել, ռազմի դաշտում Շանթը հրետանավոր է եղել:
Պատերազմի սկզբի օրերին ոչ մի բան չեմ զգացել, երևի իր հանգստությունը մեզ հավասարակշիռ էր պահում և այն հավատով, որ մենք իսկապես հաղթելու ենք: Գրեթե ամեն օր օրվա մեջ գոնե մեկ անգամ զանգում էր, ուղղակի ասեր, որ ինքը լավ է: Անհանգստություն կամ վախ, որ կփոխանցվեր, իրենից չի եղել:
Գիտեինք, որ Շանթն Արցախի հարավում է կռվում, մտածում էինք, որ կարող ա իրենք ընդհանրապես այդ ամենի մեջ չեն: Մեր վերաբերմունքը փոխվեց և սկսեցինք անհանգստանալ, երբ կոնկրետ իրենց գնդից արդեն զոհ կար: Այդ ժամանակ իրավիճակի լրջությունը շատ ավելի հասկանալի էր»,- պատմում է հերոսի մայրը:
Շանթի հետ հարազատները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 9-ի երեկոյան:
«Երկար ժամանակ փորձում էր կապվել, չէր կարողանում, հետո կապվեց: Այդ օրն էր, որ իր ձայնը սովորականի նման չէր. ձայնի մեջ ինչ-որ անհանգստություն, վախ կար: Երբ ես ու հայրը հարցրեցինք՝ ինչ-որ բան այն չէ՞, հոգնա՞ծ է, լավ չի՞ զգում իրեն. Շանթն ուղղակի ասաց՝ մի տեսակ հոգնած եմ, մամ, գնամ քնեմ»,- պատմում է Շանթ Նավոյանի մայրը:
18-ամյա ժամկետային զինծառայողը հոկտեմբերի 10-ին՝ առաջին հրադադարից րոպեներ անց, թշնամու առաջին հարվածից ստացել է վիրավորում:
«Տղերքը ուրախացել են, որ հրադադար է, իրար շնորհավորել են, բայց ուրախությունը տևել է մի քանի րոպե: Առաջին հարվածը եղել է հենց Շանթենց ուղղությամբ, 9 հոգուց 6-ը տեղում զոհվել են: Շանթը վիրավոր է եղել, մահացել է դեպի Իշխանաձոր ճանապարհին: Իհարկե մենք այդ ամենն իմացել ենք շատ ավելի ուշ:
Երրորդ օրը Շանթը բեկորային վնասվածք է ստացել ոտքերի տակից վերև, և այդ ամենը մենք իմացել ենք օրեր հետո, երբ մեզ հաջողվեց գտնել Շանթի անձնական իրերը:
Սեպտեմբերի 25-ից գրպանի նոթատետրում գրառել է, թե ինչ է զգացել և մեզ որոշակի զգացողություններ փոխանցել: Շատ բաներ պարզ դարձավ, այդ վիրավորումը, մի խոսքով, մանրամասներ, որոնց մասին մենք տեղյակ չէինք:
Չեմ ընկալում «Հերոս» բառը, ոչ մի մայր էլ նման ձևով Հերոս չի ուզում, ես ոչ ոքի նման բան չեմ ցանկանում: Բոլոր զոհված տղերքը Հերոսներ են… մենք հիմա ապրում ենք, որովհետև նրանք չկան: Շանթը այսպես թե այնպես իր կյանքով էր Հերոս լինելու, որովհետև նա այն տեսակն էր, որ ապրելով էլ կարող էր Հերոս լինել: Ես հպարտ եմ, որ Շանթի մայրն եմ, և Շանթի մայրը կոչում է:
Կուզեի սեպտեմբերի 27-ից սկսած ամեն ինչ ջնջեի, և այս ամեն ինչը երազ լիներ: Մինչև պատերազմը մենք երջանիկ էինք, և բոլոր այն խնդիրները, որոնք կային, հիմա ոչինչ են թվում: Բոլորին եմ խորհուրդ տալիս, որ ապրեն այսօրով, ապրեն այն ամենով, ինչ ունեն, և հնարավորության սահմաններում իրենց երեխաներին տալ այն ամենը, ինչ հնարավոր է տալ:
Հիմա մեր աղջիկն է մեզ ապրեցնողը, Շանթի հետ կապված հուշերն ու նպատակները, որոնք պատերազմը կիսատ թողեց, որոնց մասին ակնարկում կամ երազում էր»:
Տիկին Էլենը պատմում է, որ Շանթը շրջապատում կարող էր շատ կիրթ և ջենթլմեն լինել, բայց կարող էր նաև ուրիշ լինել. այսինքն՝ պահը ինչպես թելադրում էր:
«Շատ սուր և համով հումոր ուներ. պահ էր լինում, որ չէիր հասկանում՝ կատա՞կ է անում, թե՞ լուրջ է: Մտքերը փիլիսոփայական էին, և տարիներ շարունակ գրառում էր իր մտքերը: Գրում էր այն ամենը, ինչ զգում էր և ինչի մասին մտածում էր: 14 տարեկանում շատ խորը և փիլիսոփայական մտքեր էր գրի առնում: Առաջ զարմանում էինք, հիմա ավելի շատ ենք զարմանում, որ երեխան կարող էր նման կերպ մտածել:
Շանթն իր տարիքից և իր հասակակիցներից ավելի հասուն էր, սկզբունքային էր, երբեք չէր դավաճանում իր սկզբունքներին»,- եզրափակեց Շանթ Նավոյանի մայրը:
Հ.Գ. հունիսի 18-ին տեղի է ունենալու հերոս Շանթ Նավոյանի «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գրքի շնորհանդեսը: Գրքում հերոսի նյութերն են, գրառումները, այն ամենը, ինչը հնարավորություն կտա ճանաչել Շանթին:
Անահիտ Չալիկյան