«Սամվելը շատ համեստ, անկեղծ, հոգատար տղա էր: Ես հպարտանում էի իրենով, որովհետև նա տարբերվում էր իր հասակակից տղաներից: Սամվելս աշխատում էր, իր ընկերներին էլ էր իր հետ տարել աշխատանքի, որ ընկերներն էլ փող ունենան: Աշխատած գումարը տալիս էր մորն ու տատիկին, որ տան հոգսերը հոգան:
Քչախոս էր. էնքան պիտի հարցախեղդ անեիր, որ հարցերիդ պատասխանը ստանայիր, բայց իր գործով ապացուցում էր, որ ինքը շատ ավելին կարող է, քան մենք պատկերացնում ենք, շատ ավելին էր, քան մենք գիտեինք:
Ես ասում էի՝ Սամոն «թաքնված տաղանդ» է. մենք նորմալ տղա ենք ունեցել և մենք իրեն պետք է լավ պահենք, բայց, ցավոք, գնաց բանակ, էլ չեկավ…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Սամվել Սամբատովի մորաքույրը՝ Աստղիկ Շահինյանը:
Սամվել Գրիշի Սամբատովը ծնվել է 2002թ. Հոլանդիայում, 5-6 տարեկան հասակում վերադարձել են հայրենիք:
Սամվելի մորաքույրն ասում է՝ շատ կապված էր Հայաստանի հող ու ջրի հետ:
«Մի անգամ տատիկին հարցրել է՝ Եռաբլուրում եղե՞լ ես, թե՞ չէ, տատիկը ասել է՝ չէ, տղես, բայց մի օր գնալու եմ. Սամվելն էլ ասել է՝ ես էլ մի օր ընկերներիս հետ հաստատ Եռաբլուր եմ գնալու… այսօր Եռաբլուրում հանգչում են նրա ընկերներից շատերը»:
Սամվել Սամբատովը ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Ջաբրայիլում:
«Սամվելը շատ ուրախ գնաց բանակ, երկար ճանապարհ չէր կարողանում գնալ, բայց ծառայության անցավ Ջաբրայիլում: Ես որ իմացա Ջաբրայիլում է ծառայելու, ասացի՝ ո՞նց է ինքը էդքան ճանապարհը գնալու: Սամվելը գոհ էր ծառայությունից, սիրում էր բանակի ուտելիքները:
Պատերազմի ժամանակ իրենց 5-րդ գումարտակը, ովքեր ամբողջությամբ եղել են նորակոչիկներ, տարել են Հադրութ: Պատերազմի օրերին զանգում էր, ասում էր, որ իրենք բունկերներում են ու որ իրենք չեն կռվում:
Հետո զանգել է ու ասել է, որ Հադրութի դպրոցում են, ու ամեն ինչ նորմալ է: Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին է զանգել:
Հետագայում իր ծառայակից ընկերների հետ զրույցներից իմացել ենք, որ տեղափոխել են ինչ-որ սարի գագաթ՝ դիրք պահելու… էդ ժամանակ վերևից արկեր են գցել, ու երեխեքը ցրվել են անտառներով. որը ողջ է մնացել, որը շարունակել է ճանապարհն անտառներով մեկ: Ծառայակից ընկերների պատմելով՝ իրենց հրամանատարը անտառներում երեխեքին թողել գնացել է, իբր թե վիրավոր է, ու հետո երեխեքը իրեն զանգել են, ինքը չի պատասխանել:
21 հոգի են եղել, 21-ն էլ նորակոչիկներ»,- շարունակում է Աստղիկ Շահինյանը:
Հոկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 27-ը Սամվել Սամբատովից հարազատները ոչ մի տեղեկություն չեն ունեցել.
«Մենք գիտեինք, որ ինքը ողջ է. դեկտեմբերի 27-ին փրկված 6 տղաներից իմացանք, որ Սամվելը ողջ է, բայց այդ օրը Սամվելին իր 5 ընկերների հետ սպանել են:
Թելեգրամյան ալիքներով թուրքերը ասել են, որ բախում է եղել թուրքերի հետ, նկարներ, վիդեոներ էին գցել, իսկ մերոնք հերքեցին՝ ասելով, որ մենք այնտեղ զինվոր չունենք: 6 զոհվածները եղել են Սամվելն ու իր ընկերները:
Դա մեզ համար ցավալի էր, որ էդքան պայքարել է ու ողջ է մնացել, որ տուն գա… ու չեկավ:
Մենք երևի թե չէինք պատկերացնում, որ ինքը էդքան ուժեղ տղա է, կարող է էդքան անտառներում դիմանալ: Ինքը մինչև հիմա էլ մեզ զարմացնում է…»,- ասում է հերոսի մորաքույրը:
Սամվելը շատ նպատակներ ուներ, մտադիր էր բանակից վերադառնալուն պես շարունակել ուսումը:
Անահիտ Չալիկյան