Ռուբեն Յայլոյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է: Սեպտեմբերի 29-ից մեկնել է հայրենիքի սահմանները պաշտպանելու, սկզբում եղել է Վայոց ձորում, Խնձորուտի դիրքերն է պահել, այնուհետև տեղափոխել են Արցախ: Այնուհետև Արցախից իջել է Խնձորուտի դիրքեր:
44-օրյա պատերազմի մասնակցի կինը՝ Արփինե Սարիբեկյանը, 6 ամսական հղի էր, սպասում էր իր երկրորդ զավակին:
«Մեծ տղայովս հղի էի, երբ Ապրիլյան պատերազմը սկսվեց, իսկ պուճուրովս էլ էս պատերազմի ժամանակ էի հղի: Մեծ տղայիս անունը Դավիթ է, իսկ պուճուրիս անունը՝ Բեկ:
Պատերազմի ընթացքում ես հոգեպես շատ վատ վիճակում էի, և փոքրիս վրա իմ վատ ապրումները մի փոքր հետևանք թողեց:
Երեք ամսական էր փոքրս, և երեխուս մոտ ուղեղի թթվածնային քաղց էր առաջացել… բժիշկները ասացին, որ այդ ամենը պատերազմի ժամանակ իմ տարած սթրեսի արդյունքն է, բայց, փառք Աստծո, հիմա ամեն ինչ նորմալ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմի մասնակից Ռուբեն Յայլոյանի կինը՝ Արփինե Սարիբեկյանը:
«Ամուսինս էլ դեռևս չի հաղթահարել հետպատերազմական շոկը… փակ մարդ է դարձել: Առաջ ավելի ակտիվ ու շփվող էր, իսկ հիմա ուզում է միշտ մենակ մնա: Մահացած ընկեր ունի, էդ տղայի վիդեոներն է նայում, ու ես զգում եմ, որ ինքը էդ պահին ուղեղով ուրիշ տեղ է գնում:
Ամուսինս մարտական ընկերներ է կորցրել, դասարանի տղային է կորցրել և էնքան ծանր է տանում այդ ամենը: Շատ չի խոսում պատերազմում տեսածի ու լսածի մասին: Երբ մի բան ես հարցնում, սկսում է նյարդայնանալ, և դրա համար աշխատում եմ էդ մասին չխոսել իր հետ»,- շարունակում է Արփինե Սարիբեկյանը:
Արփինե Սարիբեկյանն ասում է՝ պատերազմը ոչ միայն մարդկանց նպատակներն է փոխել, այլ թողել է իր անջնջելի հետքը:
«Պատերազմից առաջ մենք երջանիկ էինք, ապրում էինք… հիմա ամուսինս որ լարված է, մենք էլ ենք լարված: Պատերազմում թողած հետքը հարազատների կորուստն է, իսկ մնացած հարցերը, հոգսերը ամեն ինչին էլ կդիմանաս ու կհաղթահարես: Մեր երեխեքը պիտի չտեսնեն այն, ինչ մենք տեսանք, հանուն մեր երեխեքի՝ պետք է առաջ նայենք»,- ընդգծում է Արփինե Սարիբեկյանը:
Արփինեն ասում է, որ ամուսինը ողջ-առողջ է վերադարձել, բայց վերադարձել է բազմաթիվ առողջական խնդիրներով, չեն հուսահատվում, ամեն ինչ փորձում են հաղթահարել իրենց միջոցներով և սեփական ուժերով:
Արցախյան պատերազմի մասնակից Ռուբեն Յայլոյանի կինը՝ Արփինեն, սոցցանցում, ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված մեր հերոսների, «Հերոսները չեն մահանում» խումբ է ստեղծել, որտեղ հերոսների կենսագրությունն ու անցած ճանապարհն է ներկայացված:
Արփինեն ասում է՝ պիտի հերոսներին հիշենք ու մեծարենք, պատմենք տղերքի սխրանքների մասին:
Արփինեի աշխատանքներին միացել են նաև Վազգանուշ Բադալյանը և վիրավորում ստացած զինվորներից Վահեն: Անում են ամեն ինչ, որպեսզի ոչ մի հերոսի սխրանք ստվերում չմնա:
«Երեք ամսվա պատմություն ունի խումբը. պատերազմում զոհվեց մեր հարազատը՝ 19-ամյա Կարեն Հովակիմյանը, իր մասին գրում էի, և էդպես որոշեցի խումբ բացել, որի մասնակիցները օր օրի ավելանում էին: 700-ից ավելի տղաների մասին ենք գրել, վիդեոներ ենք պատրաստում:
Եթե ես օրվա մեջ գոնե 2 ժամ այդ խմբում չաշխատեմ, ես զգում եմ, որ ինչ-որ մի բան պակաս եմ արել, մեր տղերքի առջև պարտքը կիսատ եմ տվել: Մարդիկ մխիթարվում են և գիտեն, որ իրենց զավակները անմահացել են»,- եզրափակեց 44-օրյա պատերազմի մասնակցի կինը՝ Արփինե Սարիբեկյանը:
Անահիտ Չալիկյան