«Ես պետք է 18 տարեկանների կողքին լինեմ»․ Ապրիլյան պատերազմին մասնակից, կամավոր Աժդահակը զոհվել է իր ծննդյան օրը


«Ես պետք է 18 տարեկանների կողքին լինեմ»․ Ապրիլյան պատերազմին մասնակից, կամավոր Աժդահակը զոհվել է իր ծննդյան օրը
Նոյեմբեր 3 20:17 2021

Ապրիլյան պատերազմի մասնակից Աժդահակ Կիրակոսյանը կամավոր մեկնել էր մասնակցելու 44-օրյա պատերազմին։ Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Աժդահակը կդառնար 24 տարեկան։

«Մեկ տարի առաջ՝ այս օրը, մեզ հատկացված բունկերում նշեցին Աժդահակի ծննդյան օրը։ Տղաները փամփուշտի բարութով կրակ էին վառել մոմի տպավորություն ստեղծելու համար։ Իրեն ասացի՝ 23 տարեկան ես դառնում, 24-ն էլ մի կերպ կանցկացնենք, բայց 25-դ պետք է մեծ շուքով անցկացնենք, բայց ոչ մեկս չգիտեինք, որ երեք ժամ անց հայտնվելու էինք մի վայրում, որտեղից այլևս Աժդահակը չէր վերադառնալու․․․․ Ցավոք, մեր սրբազան Շուշի քաղաքը դավաճանաբար հանձնվեց թշնամուն և կարծես փոշիացրեց այս տղաների հերոսությունները։ Եթե Շուշին մերը լիներ, կլիներ այնպես, ինչպես տղաներն էին երազել։ Խոսք եմ տալիս Աժդահակին, որ քանի դեռ մենք կանք, Աժդահակի մասին անցյալով չի խոսվելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժդահակի մարտական ընկեր Սպարտակ Ծատուրյանը։

Աժդահակը ռազմադաշտ պետք է մեկներ, որպես վարորդ՝ վիրավորներին «Մուրացան» տեղափոխելու համար, սակայն իր դիմումի համաձայն՝ որպես հրաձիգ մեկնել էր Շուշի։

«Ծննդյան գիշերը դուրս եկան 18 տարեկաններին օգնության։ Ինքն էլ ասում էր՝ ես պետք է 18 տարեկանների կողքին լինեմ։ Ու այդտեղ մեքենան հարձակման է ենթարկվում։ Իր վիրավորումը թեթև էր, ինքը կարող էր դուրս գալ, բայց մնում է վիրավոր ընկերներին օգնության, կարծում եմ, հուսալով, որ օգնություն կգան»,- պատմեց Աժդահակի քույրը՝ Արուսյակ Կիրակոսյանը։

Աժդահակը սովորում էր Երևանի պետական մանկավարժական համալսարանի   կերպարվեստի բաժնում։

«Մի անգամ՝ դասերի ժամանակ, ասել է, որ պետք է Եռաբլուր գնա, դասախոսն ասել է՝ դասից հետո կարող ես գնալ, Աժդահակն ասել է՝ այսօր Մոնթեի ծննդյան օրն է, ամեն օր չէ, որ Մոնթեի ծննդյան օրն է, իսկ դասն ամեն օր կարող է լինել»,- նշեց Աժդահակի քույրը։

Աժդահակը զոհվեց իր ծննդյան օրը։