«Արդեն 2-րդ ծնունդն ենք նշում՝ առանց Հովոյի… անցած տարի իր 39-ամյակի ժամանակ անհետ կորած էր: Հովոյի ծնունդը ամեն տարի տոնել ենք շատ համեստ, բայց միևնույն ժամանակ՝ շատ երջանիկ: Հովոյի ծնունդը կամ իմ ծնունդը միշտ տվել ենք մեր զավակներին, որովհետև իրենց ուրախությունը, ժպիտը մեզ համար ամենաթանկ նվերն էր, ամենաթանկ ծնունդն էր։
Ամուսինս միշտ տխրում էր իր ծննդյան օրը… միշտ մտքերով էր ընկնում, ասում էր՝ դուք եք իմ ամենաթանկ ծնունդը, միայն դուք եք ինձ երջանկացնում:
Աղջիկներս պարզապես չեն հասկանում էս ամբողջ իրողությունը, ու ամեն անգամ ասում են՝ պապան որ գա, ավելի ուրախ ենք անցկացնելու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված Հովհաննես Պորտուգալյանի կինը՝ Լիանա Պորտուգալյանը:
Հովհաննես Պորտուգալյանի դուստրերը հայրիկի ծննդյան օրը հորը երգ են նվիրել:
«Երգը կար գրված, և մի աղջիկ էր կատարում, մենք վերցրեցինք այդ երգը ու ձայնագրեցինք… այս երգը մտավ իմ ու աղջիկների սիրտը, և իրենք շատ էին ուզում երգել»,- պատմում է Հովհաննեսի կինը:
Լիանան ասում է, որ իրենք միշտ 4-ով անբաժան են եղել, չկար մի բան, որ կարողանար հեռացնել կամ խարխլել իրենց ամուր կապը, բայց պատերազմը կարողացավ:
«Մեր կյանքը փոխվել է, և հիմա բոլոր օրերը ինձ համար անգույն են, ոնց որ ժամանակին էի ասում, բան չեմ ուզում Աստծուց, միայն թե աչքերս փակեմ-բացեմ ու իմ Հովոյին տեսնեմ։
Ես կորցրել եմ իմ կյանքի ամենաթանկ ու ամենամեծ սիրուն, իմ կողակցին»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված Հովհաննես Պորտուգալյանի կինը՝ Լիանա Պորտուգալյանը:
Անահիտ Չալիկյան