Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր. այսօր Գեւորգ Կարապետյանի մահվան տարելիցն է


Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր. այսօր Գեւորգ Կարապետյանի մահվան տարելիցն է
Հոկտեմբեր 25 18:56 2021



Այսօր` հոկտեմբերի 25-ին, Երեւանի Ավան թաղամասում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Կարապետյանի մահվան տարելիցին նվիրված հուշաքարի բացումը: 21-ամյա Գեւորգն  ընդամենը մեկ ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը,  որի ընթացքում ավագ կապավոր դարձավ:

«Գևի հետ մանկության ընկերներ ենք, և շատ բան կա պատմելու իր մասին, քանի որ Գևը տարբերվող տեսակ էր և տարբերվում էր բոլոր առումներով։ Սպորտսմեն էր, և շատ էր սիրում զբաղվել սպորտով ու մեր բակում փոքրիկ անկյուն էր սարքել հատուկ սպորտային պարագաներով, բակի փոքրիկների հետ առավոտները պարապում էր, ուզում էր, որ իր նման կազմվածք ունենան։ Ես շատ ծանր տարա իր կորուստը, բայց ամեն անգամ բակ իջնելով՝ ինքս իմ մեջ պատկերացնում եմ, որ ինքը կա ու մեր հետ է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Լաուրան։

Հիշում է՝ երբ պատերազմի օրերին Գեւորգը զանգում էր, ասում էր՝ երկնքում շատ «աստղեր» կան, բայց հերթով վերացնում են:

«Հայրենասեր ու ազգասեր երիտասարդ էր Գևորգը, ծնվել և մեծացել է շատ համեստ ու կարգապահ ընտանիքում։ Ուժեղ կամքի տեր, ժպտերես, աշխատասեր, մարդ, ով իր վարքով վայելել էր բոլորի սերն ու հարգանքը։ Մեր բակում մի զինվոր էլ կար` Գրիգոր Ղազարյանը, նրանք ընկերներ էին, բայց Գրիգորը զոհվեց սեպտեմբերի 28-ին, ու երբ Գևորգը զանգում էր, առաջինը Գրիգորից էր հարցնում, բայց ոչ ոք այդքան ուժ չէր գտնում իր մեջ, որ ասեր Գևորգին Գրիգորի զոհվելու մասին»,- նշեց Լաուրան:

«Հոկտեմբերի 23-ից հետո չէր զանգել տուն, բայց իր հետ ծառայող տղան էր պատասխանում զանգերին ու ասում էր, որ Գևորգի հետ ամեն ինչ լավ է, ուղղակի տեղափոխել են ուրիշ վայր։ Հետո արդեն իմացել ենք Գեւորգի մահվան մասին»,- պատմեց Լաուրան:

Գևորգի հոր` Գեղամի և բակի բնակիչների ջանքերով Գևորգի հիշատակին նվիրված հուշաղբյուր է կառուցվել՝ բակի այն մասում, որը Գեւորգի սիրելի վայրն էր։ Բացման իրավուքը տրվեց Սլավիկ Սոֆոյանին, որը մեծ ավանդ  ունի հուշաղբյուրի կառուցման գործում։

Գևորգ Գեղամի Կարապետյանը ծնվել է 1999-ին հուլիսի 10-ին, Երևանում։ Սովորել և ավարտել էր Հայաստանի մանկավարժական համալսարանը, ապա սովորում էր Ավիաուսումնական կենտրոնում, ապագա կարգավորող էր (դիսպետչեր) և աչքի էր ընկնում խելացիությամբ ու աշխատասիրությամբ։

 

Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով,  պարգևատրվել է նաեւ Մանկավարժական համալսարանի կողմից: