«Կարենս սիրած աղջիկ ուներ և որոշեց բանակ գնալուց առաջ սիրելիի մատին մատանի դնել, խոստացավ, որ 2 տարուց հետ կգա…». հերոսի մոր պատմությունը


«Կարենս սիրած աղջիկ ուներ և որոշեց բանակ գնալուց առաջ սիրելիի մատին մատանի դնել, խոստացավ, որ 2 տարուց հետ կգա…». հերոսի մոր պատմությունը
Հոկտեմբեր 25 22:50 2021

«Կարենս 2020թ.-ի հունվարին էր զորակոչվել բանակ, Հադրութում էր ծառայում։ Պատերազմի հենց սկզբի օրերից եղել է առաջնագծում, 10 օր թեժ մարտեր են մղել թշնամու դիվերսիոն խմբերի դեմ։ Քանի որ Կարենս շատ  անվախ էր, նրան նշանակել էին դիրքի ավագ, այնուհետև հրամանատար, բայց չենթարկվելով նահանջ հրամանին՝ իր զենքով ու նռնակներով մխրճվել էր թշնամիների խմբի մեջ, ջախջախել հակառակորդին՝ փրկելով ծառայակից ընկերների կյանքը։ Որդիս զոհվել է դիպուկահարի կրակոցից… իմ բալի սրտին էր կպել։ Այս ամենը մեզ պատմել են իր մարտական ընկերները և սպաները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանի մայրը՝ Կարինե Գասպարյանը։

Կարեն Վռամի Գասպարյանը ծնվել է 2001թ. հուլիսի 2-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում։ Կարենը մի քանի մարզաձևերով է զբաղվել, մասնակցել է տարբեր մրցումների, արժանացել մեդալների։

 
 

ԿարենսԿարեն Գասպարյանը զոհվել է հոկտեմբերի 5-ին թշնամու դիպուկահարի գնդակից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն», «Արիության համար» մեդալներով:

«Շատ խելացի էր, ընկերասեր, հոգատար ու անչափ բարի անձնավորություն էր Կարենս։ Սիրած աղջիկ ուներ և որոշեց, որ սիրելիի մատին բանակ գնալուց առաջ պիտի մատանի դնի… խոստացավ, որ երկու տարուց հետ կգա, բայց ավաղ չարաբաստիկ պատերազմը խլեց իմ բալի իղձերն ու երազանքները։

Ամեն զանգելուց ասում էր՝ մամ ջան, չմտածես, ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք։ Միշտ հպարտանում էր ապրիլյան պատերազմի մեր հերոսների կատարած սխրանքներով, շատ էր սիրում պատմել, խոսել նրանց մասին և ամեն տեղ փառաբանում էր տղերքին, մինչև որ ինքն էլ գնաց հասավ մեր հերոս տղերքին։

Ասում էր՝ մամ ջան, Թեհմինեիս լավ կպահես, մինչև ես գամ։ Շատ լավ էի պահում, բայց իմ բալեն իր խոստումը չկատարեց»,- շարունակում է պատերազմում զոհված հերոսի մայրը։

Կարենի հետ վերջին անգամ խոսել ենք զոհվելու օրը։

Կարենս«Ոչ մի բան իմ մտքով չի անցել, որ կարող ա իմ բալին մի բան պատահի, բայց ներքուստ շատ էի արտասվում ու վախենում։

Իմ հետ խոսեց առավոտյան, իսկ նշանածի՝ Թեհմինեի հետ ժ.12-ի մոտ ու պատմել էր իր տեսած երազը, ասել էր. «Թեմ, երազումս մեր հարսանիքն եմ տեսել»… 40 րոպե խոսել էին, Թեմոս շատ ուրախ էր, ասում էր՝ էսքան երկար չէինք խոսացել էս քանի օրը… Չգիտեինք, որ վերջինն էր»,- պատմում է Կարենի մայրը։

Տիկին Կարինեն ասում է՝ հիմա իր ապրեցնող հույսն իր 4-ամյա որդին է, թե չէ կյանքը իր համար պատերազմից հետո անգույն է ու դատարկ։

«Պատերազմից առաջ կյանքով լի էի, սպասումներով, երազանքներով լեցուն, իսկ պատերազմից հետո  կյանքը ինձ համար կանգ է առել, ապրելս չի գալիս, ուղղակի մյուս երեխեքիս եմ խղճում»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանի մայրը՝ Կարինե Գասպարյանը։

Անահիտ Չալիկյան