Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գրում է․
«44-օրյա պատերազմում հերոսացած Տիգրան Գևորգյանն ամենից շատ սուտը տանել չէր կարողանում։ Իր ապրած 21 տարիներին երբեք չի ստել ու չէր սիրում, երբ ինչ-որ մեկն իրեն էր ստում։
Թշնամու 3 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա՝ ՀՄՄ (БМП) ոչնչացրած, «Մարտական խաչ» շքանշանի արժանացած Տիգրանն ինքն էր ընտրել Արցախում ծառայելը, ասել էր՝ ես Ղարաբաղ պիտի ծառայեմ ու գնացել էր։
Հայրը պատմում է․
Ընկերները պատմում են, որ չնայած Տիգրանը որպես հրամանատար խիստ էր կարգ ու կանոնի պահպանման հարցում, սակայն մնացած առումներով երբեք խնդիրներ չեն եղել նրա հետ»։
Անվճար ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մեքենաշինական բաժինն ու ծառայության գնացել ավարտելուց հետո։ Հայրը պատմում է՝ մասնագիտությունը սիրում էր ու ինքն էր ընտրել՝ առանց ինչ-որ մեկի միջամտության։
«Սիրում էր ծառայությունը, զինվորական կյանքն ու ոգևորությամբ էր գնացել։ Իր ծառայակից շատ ընկերներից տարիքով մեծ էր։ Երբ Արմավիրի ուսումնական զորամասում էր, տանից անընդհատ գրքեր էր ուզում, շատ էր կարդում։», – ասում է հայրը։
Պատերազմի ամբողջ ընթացքում Տիգրանի հայրը նույնպես առաջնագծում է եղել, ասում է՝ ամեն օր խոսում էին, ու Տիգրանն ինքն էր հանգստացնում հորը․ «Ասում էր՝ էդ քո մոտ ա իրավիճակը վատ, մեր մոտ ամեն ինչ նորմալ ա։ Ասում էր նաև, որ հիմա ամենակարևորը հայրենիքն ա»։
Տիգրանի կյանքն ընդհատվեց նոյեմբերի 2-ին՝ իր փրկած երկու ընկերների ու բոլորիս համար։
Փառք ու խոնարհում մեր հայրենիքի համար իրենց կյանքը և առողջությունը զոհաբերած բոլոր արիներին։ Տիգրան Արմենի Գևորգյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) շահառու է։
Հիմնադրամի ֆոնդը ձևավորում ենք մենք՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներս։ Ֆինանսակայն կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի հիշատակի, մեր հոգու հանգստության համար»։