«Երջանիկ եմ, որ Թուրքի դուշման Վարդան Ստեփանյանի նման որդի եմ ունեցել: Այսօր այս հողի վրա, Հայաստան և Արցախ աշխարհում կին, երեխա, տղամարդ, բոլորն իրենց պետք է համարեն զինվոր, որ կարողանանք մեր հայրենիքն ուժեղացնենք, մեր հաղթանակները հաստատուն պահենք և աշխարհին ապացուցենք, որ հաղթել ենք ու կհաղթենք »,-ասաց Զարիկ մայրիկը:
Հերոսի մասին խոսելիս մայրը միշտ ներկայով է խոսում: Առավոտյան բարի լույս է մաղթում որդուն,գիշերը ՝բարի գիշեր:
Անդրադառնալով որդու մանկությանը՝ Զարիկ մայրիկը նշեց՝ որդուն առանձնահատուկ դաստիարակություն է տվել, քանի որ նա ավագ երեխան է եղել և պետք է օրինակ լիներ բոլորի համար:
«Վարդանը ծնվել է 1966 թվականի մարտի 8-ին: Մարգարյան հիվանդանոցում բժիշկը մոտեցավ և խնդրեց, որ թույլ տամ գրել մարտի 9, քանի որ Խորհրդային Միության ժամանակ մարտի 8-ը բուռն էին նշում: Հայրը շուտ էր մահացել, միայնակ դաստիարակեցի: Երեխաներիս դաստիարակել եմ այնպես, որ մարդ լինեն, չարիք չլինեն ոչ մեկի համար, մի կտորը հացը կիսեն, օգնեն ընկածին: Խիստ մայր եմ եղել»,-ասաց նա:
Դեռ օրօրոցում՝ Վարդանի գլխավերևում կախել է Չարեցնի նկարը, Չարենցով դաստիարակել որդուն:
Վարդանի լեզուն երբ բացվել է, հարցրել են՝Վարդան,ինչո՞ւ մահացավ Չարենցը, ասել է՝ մահացավ, որովհետև մեր հողերը չտվեցին:
Վարդան Ստեփանյանը պատրաստ է գնացել դպրոց.տառաճանաչ, գիտակից, չարն ու բարին՝ տարբերող: Չարենցի Սևակի, Շիրազի հոգեբանությամբ մեծացած երեխան յոթերորդ դասարանում գրել է. «Խոսենք մաքուր հայերեն, որ անաղարտ մնա մայրենին»:
Դպրոցը գերազանց է ավարտել: Լավ իմանալով իր ազգի ժողովրդի պարտություններն ու հաղթանակները՝ զգալով, որ իր ազգին զինվոր է պետք, դիմել է, որ իրեն ուղարկեն Աֆղանական պատերազմ: Նա հայտարարել է. «Դարավոր թշնամի ունենք, զինվոր չունենք: Ուր էլ գնամ, տուն եմ գալու,մա՛յր, դու չես լացելու»:
Մայրը փորձել է ճանապարհը փոխել, որ պատերազմ չգնա, սակայն չի կարողացել: Պատերազմից վերադարձել է կարմիր աստղով՝հերոսացած օտարի հողում:
1988 թվականին, երբ սկսվել է Արցախյան շարժումը նա իր փորձով միացել և հայտարարել է իր ընկերներին. «Ազատության հրապարակում հավաքվելով մենք չենք կարող հաղթանակ բերել, մեզ զենք է հարկավոր. Մորն էլ, թե՝քո մահն անգամ,մամա, ինձ հետ չի պահի, քեզանից թանկն էլ կա .դա իմ ազգն է:
«Զինվորագրեցի որդուս, փամփուշտ շարեցի ու պատերազմ ճանապարհեցի, հաղթանակներ տեսա» ,-հպարտությամբ հիշեց մայրը:
1988 թ Առագաստում, երբ Վարդանը հայտարարել է, որ առաջինը պետք մտնի Շուշի, Լաչինով տուն գա,տղաները ծիծաղել ու ասել են ՝Աֆղանական պատերազմի մասնակից է, երևի ուղեղի ցնցում է տարել, Շուշի է երազում: Հավատարիմ մնալով խոստմանը՝ Վարդանը մասնակցել է Արցախյան պատերազմի տարածքների ազատագրման ողջ ընթացքին, մտել է Շուշի ու ազատագրումից հետո եկեղեցու քարերը համբուրելուց հետո, գինու շիշը վերցրել ու մտել է հայկական գերազմանոց, գինին կաթեցրել շիրիմներին ու գոռացել. «Մեր պապե՛ր,Շուշին ազատագրված է, հանգստացեք»:
Որդու մասին խոսելիս Զարիկ մայրիկն ափսոսեց միայն, որ նրանից ժառանգ չունի, հետո ավելացրեց, որ բոլորն էլ իր զավակներն են:
«Հիանալի երիտասարդություն ունենք, հպարտանում եմ հղի կնոջով, Եռաբլուրում երեխան գրկած սիրող զույգերով: Այնտեղ հաղթած զորամաս է: Մենք աշխարհին ցույց ենք տվել, որ փոքր ազգ ենք, բայց պատերազմում ենք մեր հողի համար: Մեր անկախության սերունդը, հաղթական սերունդը ապացուց Ապրիլյան պատերազմի ժամանակ, որ հետնորդն են մեր որդիների և կարողացան ևս մեկ անգամ պաշտպանել այն հողը, որ արյունով է ներկված, արյունով է սնուցվում»,-հպարտացավ հերոսի մայրը:
Կարինե Գևորգյան