Կյանքն ու մահը Հադրութի հոսպիտալում՝ Վալենտինա Մոսյանի աչքերով


Կյանքն ու մահը Հադրութի հոսպիտալում՝ Վալենտինա Մոսյանի աչքերով
Հոկտեմբեր 24 06:10 2021

 

Թերեւս, բոլոր պատերազմներին ճերմակ խալաթով հերոսուհիները միայն հիացմունք ու վստահություն են ներշնչում։ Թվում է՝ նրանք այլ աշխարհից են. ամուր են, անկոտրում ու անվախ։ Ինչ խոսք, այս անսասան կերպարների ետեւում ոչ միշտ է դյուրին նկատել նրանցից ոմանց բարդ, փխրուն ու եզակի անձնական դրաման։

Վալենտինա Մոսյանը պատերազմի թեժ օրերին աշխատել է Հադրութի հոսպիտալում։ Ամուսինն ու տղաները ռազմաճակատում, ինքը՝ հիվանդանոցում. ամեն մեկն իր կռիվն է տվել։ 41-ամյա Վալենտինան անցած դժողքի մասին խոսում է կարծես մի հեռու, անիրական ու մղձավանջային դրվագի։ Թվում է՝ նրա մեջ ապրում է երկու մարդ. դիերի միջից ողջ վիրավորներին առանձնացնող, ռմբակոծության ձայների տակ ուրիշի կյանքի համար պայքարող ուժեղ, ճարպիկ ու անվախ բժշկուհին եւ նուրբ, զգացմունքային ու ամեն վիրավորի մեջ իր երեխային փնտրող խոցելի կինը։

 

Առաջին պատերազմի ժամանակ 9-10 տարեկան էի, գյուղում էինք, հիշում եմ, որ թաքստոցներում էինք մնում։ Զոհվածներ էին բերում, մենք փոքր ժամանակ իրենց ծաղկեպսակներն էինք տանում։ Էս անգամ էլ ամբողջ ընտանիքով պատերազմի մեջ էինք. ես հոսպիտալում, ամուսինս ու տղաներս՝ դիրքերում։ Ամուսինս նախկինում սպա էր, ոտքն ամպուտացված է։   

 

Ամսի 27-ին կիրակի էր, այդ օրը աշխատանքի չէինք։ Ես Հադրութի հիվանդանոցում վերականգնող թերափիստ եմ աշխատել։ Մենք քնած էինք, ձայնից միանգամից վեր թռանք, ես մեր պատուհանից տեսա, որ Թաղասեռ գյուղում ծուխ ու կրակ էր, առաջին ռումբը Թաղասեռում ա ընկել։ Գոռացի. «Կռիվը սկսվել ա»։ Հետո իմացա, որ ռումբը ընկել էր մեր շտապօգնության վարորդի տան վրա, ինքն էլ վիրավորվել էր։ 11 տարեկան աղջիկս էր մոտս, հարսս ու 4 ամսական թոռս։ Իրենք մինչեւ իջան նկուղ՝ մի հատ էլ ռումբ ընկավ դիվիզիայի վրա, հենց մեր տան մոտ էր։ Էդ ալիքը ինձ հրեց, պատուհանները փշրվեցին։ Հիշում եմ՝ ծնկաչոք ընկա ու գոռացի։ Ամուսնուս ասեցի, որ երեխաներին տանի մեր գյուղ՝ Տումի, էնտեղ ապահով է, բայց ես անընդհատ փոքր տղայիս մասին էի մտածում, որ պոստերում էր։ Տումին միշտ էլ ապահով է եղել, առաջին պատերազմից ի վեր Հադրութում մարդիկ գալիս էին Տումիում էին ապաստանում, Մեծ Թաղլար ու Տումի մի հատ ռումբ չի ընկել, մենք չէինք պատկերացնում, որ էսպես կլինի։

 

Վալենտինա ՄոսյանըՎալենտինա Մոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երկու օր գյուղում մնացինք, հետո մեր բարեկամները զանգեցին, ասեցին, որ հարսին ու երեխաներին ուղարկենք Երեւան, իրենց ուղարկեցինք, ես էլ մեր ազգականներից մեկի բեռնատարով, որ զինվորների համար խրամատ փորելու բահ էր տեղափոխում, վերադարձա շրջկենտրոն։ Հենց հասանք Թութակ՝ ռմբակոծությունը սկսվեց։ Հիշում եմ, որ տղաս զանգեց, ասեց. «Մամ, տեղիցդ չշարժվես, ուժեղ կռիվ ա գնում, իմ մասին չմտածես»։ Ես էլ խաբեցի, ասեցի գյուղում եմ, ապահով եմ, չասեցի, որ գալիս եմ Հադրութի հոսպիտալ։

 

«Սու՛ս մնա, մնացածն էլ կվախենան»

 

Էլ վիրավորներ, էլ դիակներ, ինչեր ենք տեսել մենք, չգիտեմ… Հիշում եմ, որ մի օր հերթական անգամ «Սմերչը» ընկավ հիվանդանոցի մոտ՝ ուժեղ գոռացի, ամուսինս էնտեղ էր, բարկացավ վրաս, ասեց. «Սու՛ս մնա, մնացածն էլ կվախենան»։ Դա երբեք չեմ մոռանա։ Մենք տղաներին հույս էինք տալիս, իրանք էդ պահին շոկի, սթրեսի մեջ էին։ Հիշում եմ, մի տղա կար, կանտուզիա էր ստացել, չէր խոսում, թուղթ գրիչ էինք տալիս՝ էլի չէր կարողանում գրել, որ անունը իմանայինք։ Որ ցուրտ էր՝ մենք էլ զինվորական վերարկու էինք հագել, ինքը հենց տեսնում էր զինվորական հագուստ՝ գոռում էր։

 

 

Լուսանկարը` Aris Messinis

Ավելին՝ Mediamax.am