«Մո՛ք, ամեն ինչ լավ ա, ծնունդիս կգամ». «Փոքր Սպարապետի» երազանքները հարազատներն են ավարտին հասցնում


«Մո՛ք, ամեն ինչ լավ ա, ծնունդիս կգամ». «Փոքր Սպարապետի» երազանքները հարազատներն են ավարտին հասցնում
Հոկտեմբեր 9 11:10 2021

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ասացիր՝ կգամ, բայց խոստումդ չպահեցիր: Չէ… խոսում եմ, չեմ նեղանում: Ես քեզնով հպարտանում եմ: Երդվում եմ ու խոստանում, որ քո թափած արյան դիմաց անպատասխան քայլ չի մնա, որ ծնունդներն առանց նշել էլ չեն մնա, որ սգացող մայր չի մնա: Ես կգոռամ, որ հաղթած ենք, որ քո գործը էլ կիսատ չէ, որ քո ազգը վտանգված չէ…»:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Զաքար Սերոբյանի մորաքրոջ դստեր՝ Մարիամ Մակարյանի՝ եղբորը նվիրված ստեղծագործությունից մեջբերված խոսքերն են: Եվան Զաքարի մորաքրոջ դուստրն է, թեպետ կապվածությունն ու սերը եղբոր հանդեպ ավելին է ու միգուցե չտեղավորվի անգամ հարազատ քույր կոչման մեջ: «Մենք Սպիտակից ենք, բայց տեղափոխվել ենք Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով: Երևանում Զաքարի, իր եղբայրների՝ Ռոբերտի և Սերգեյի հետ միասին էինք ապրում: Երբ մեծ եղբայրը՝ Սերգեյը, ամուսնացավ, սկսեց առանձին ապրել: Հետո, թեև Զաքարն ու փոքր եղբայրը Երևանում տուն էին վարձել, բայց Զաքարը մեր տանն էր ապրում: Երբ փոքր եղբայրը՝ Ռոբերտը, գալիս էր, բոլորս կատակով ասում էինք՝ հյուրը եկավ: Բոլորով շատ կապված էինք. ինչ անեինք՝ միասին, ուր գնայինք՝ իրար հետ: Զաքարն օգնում էր ամեն հարցում, իր հետ ամեն ինչից կարող էինք խոսել: Չափազանց հոգատար, նրբանկատ, ուշադիր էր անգամ տան հարցերում: Շատ համեղ էր պատրաստում, իսկ առավոտյան դասի գնալուց առաջ սենյակի դուռը կամաց թակում և ինձ ու քրոջս առանց առավոտյան սուրճի չէր թողնում: Միշտ ասում էինք՝ երանի քո կնոջը…»:

No description available.

Եվան ասում է՝ նաև կռվում էին, ինչպես բոլոր քույր ու եղբայրները, բայց ամեն ինչ հաջորդ վայրկյանին «կոֆե կխմե՞ս» հարցով մոռացվում էր: Եվան ժպիտով է հիշում եղբոր արկածները. «Ամեն օր սիրահարվում էր, հաջորդ օրը գալիս, ասում՝ Եվ, նորից եմ սիրահարվել… Ամենաշուտն էր զարթնում: Այնքան էր պատրաստվում դասի գնալուց, որ ուշանում էր: Հետո ասում էր՝ գնում է պահակի հետ համալսարանի դուռը փակի ու գա: Իսկ մենք իր հայրենասիրական երգերից էինք զարթնում: Եղբայրս՝ Արտոն, ասում էր՝ այդքան հայրենասե՞ր ես, որ առավոտ շուտ զարթնում ու հայրենասիրական երգեր ես երգում»:

No description available.

Զաքարի մայրը 8 տարի առաջ է մահացել՝ 38 տարեկանում. «Դժվար մանկությունից հետո նոր-նոր պետք է սկսեր ապրել: Գևորգ Էմինի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր տնտեսագիտական համալսարան: Մեր տանից է բանակ զորակոչվել՝ 2017-ին, ծառայել Շամշադինի Մեհրաբ զորամասում: Զորացրվելուց հետո շարունակեց ուսումը: Ուզում էր բիզնեսմեն դառնալ: Ասում էր՝ ուրիշի ձեռքի տակ չեմ աշխատի, ու այդպես էլ արեց: Արարատի հայրենի Արալեզ գյուղում իր ձեռքերով գեղեցկության սրահ սարքեց: Եղբայրը՝ Ռոբերտը, վարսավիր է, հիմա ինքն է աշխատում այնտեղ: Զաքարի հայրն ու պապիկն էլ են Արալեզում, հայրական տունն այնտեղ է: Խիստ կարանտինի շրջանում բոլորս Սպիտակ գնացինք: Որոշ ժամանակ անց չդիմացավ՝ գնացել, Արալեզում հող էր մշակում: Մտածում էինք՝ Երևանում ապրելով ե՞րբ հասցրեց սովորել: Հետո խանութ կառուցելու նպատակ էր դրել, բոլորին ոգևորված պատմել էր: Տան մի սենյակն էլ քանդել, փուռ էր ուզում սարքել, տեղը կար, բայց չհասցրեց ոչինչ անել… Իր անունով խանութն արդեն պատրաստ է, բացումը ծննդյան օրը՝ հոկտեմբերի 11 - ին կլի նի: Այդ օրը Զաքարի 24-ամյակն է: Հիմա փորձում ենք ավարտին հասցնել, հերթով իրականություն դարձնել իր նպատակները, երազանքները, բայց մեր երազանքներն իր հետ էին կապված, որովհետև ամեն ինչ միասին էինք անում: Հիմա առանց Զաքարի ոչինչ չենք կարողանում անել, չի ստացվում, ու թվում է՝ երբեք չի ստացվի՝ անկախ նրանից, թե քանի տարի կանցնի: Ամեն ինչ կարծես երեկ լիներ: Հիմա, երբ մյուս եղբայրներս գալիս են, սպասում եմ, որ վերջում ինքն էլ է ներս մտնելու: Պահի տակ բոլորին Զաքար եմ ասում: Ես տանը խոսում եմ իր նկարի հետ, ես տանը մենակ չեմ լինում, եթե տանը չեմ, Զաքարս տանն է»:

No description available.

No description available.

Եվան եղբորը վերջին անգամ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին է տեսել. «Վերջին հայացքն է տպավորվել, կյանքում իրեն այդպես չէի տեսել: Ծանր տոպրակներով կանգնած էի, հեռու կանգնեց ու մոտ չեկավ, հայացքն իր հայացքի նման չէր… Իսկ նախորդ օրը պիտի քայլեինք, սիրում էինք գիշերը քայլել, բայց չգնացինք… Հիմա ափսոսում եմ. եթե իմանայի՝ վերջին անգամն է, իր հետ անվերջ կքայլեի այդ օրը.... Սեպտեմբերի 28-ին Զաքարը մյուս եղբորս՝ Արտոյին ասում է՝ արի գնանք գյուղ՝ Արալեզ, զինգրքույկս թողնեմ, որ պետք լինի, կանչեն: Զինկոմիսարիատի մոտ ավտոբուսն արդեն կանգնած է լինում, հանդիպում է գյուղի ընկերոջն, ու 28-ի երեկոյան որոշում են միասին կամավոր մեկնել ռազմաճակատ: Բանակից զորացրվելուց 1 տարի 9 ամիս հետո Զաքարը կամավոր գնաց առաջնագիծ: Ավտոբուսում մեկ հոգու տեղ է լինում, երկուսով մի նստարանին նստած են գնում: Եղբայրս՝ Արտոն, Սպիտակում է գրանցված, ասում է՝ ես էլ վաղը կգամ քո հետևից: Հետո եղբորս ասել էր՝ մի արի, մինչև կասեմ, ասում էր՝ հանգիստ է, բայց Ջաբրայիլում է եղել, ինչի մասին հետո ենք իմացել»:

No description available.

No description available.

Զաքարը վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է զանգահարել՝ կեսօրին մոտ. «Մայրիկիս զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ ա, ջիգյարս (իր սիրելի բառն էր): Ասաց՝ մոքս, ինձ հետ ամեն ինչ լավ ա, 2 օր հետո ծնունդիս կգամ, ի՞նչ բերեմ քեզ: Մայրս ասաց՝ դու մենակ արի: Ասացի՝ մամ, բեր ես էլ խոսամ, այնքան ոգևորված էր, անգամ չլսեց ինձ: Մտածեցի՝ լավ, հետո կխոսեմ ու այդպես էլ չխոսեցի… Հոկտեմբերի 9-ի երեկոյան էլ չզանգեց: Ոչ մի նորություն չունեինք, արդեն անհանգիստ էինք: Ասում էի՝ այնպիսի բնավորություն ունի, որ հաստատ լար էլ կքաշի, կզանգի, կասի՝ լավ եմ: Եթե չի զանգել, ուրեմն՝ ինչ-որ բան է կատարվում: Մտածում էինք՝ երևի ծննդյան օրվան է սպասում, որ մեզ անակնկալ անի ու գա: Զանգեցին այն համարով, որով զանգել էր Զաքարը, ասացին՝ հրամանատարի հեռախոսն է, ուրիշն էր վերցրել՝ հրամանատարը զոհվել էր: Հետո եղբայրներս հոկտեմբերի 10-ի երեկոյան գնացին Զաքարին փնտրելու: Անգամ այդ ժամանակ հույսով սպասում էինք, մտածում, որ մեզ անակնկալ է ուզում անել ու ծնունդին գալ: Հենց ծննդյան օրը գտանք իրեն՝ հոկտեմբերի 11-ին, երբ լրացավ 23-ամյակը: Զոհվել էր նաև Զաքարի հետ նույն ավտոբուսով ու մեկ նստարանին ռազմաճակատ մեկնած ընկերը: Զաքարին ու ընկերոջը նույն օրը միասին բերեցին, նույն օրը հուղարկավորեցին»:

No description available.

Թեպետ ռազմաճակատում երկար շփվել չեն կարողացել, բայց զինակից ընկերները հասցրել են ճանաչել Զաքարին ու տվել այն անունը, որով նրան հետո ամբողջ ազգը պիտի կոչեր: «Առաջին օրը, երբ գնացել է, հենց ժպիտը տեսել, նմանեցրել են Սպարապետին: Տղաներից մեկն ասել է՝ նայեք՝ ոնց որ Վազգեն Սարգսյանը չլինի՞: Նմանեցրել են նաև խառնվածքով: Զաքարն էլ էր արագ խոսում, այնքան, որ պիտի լարվեիր՝ հասկանալու ասածը: Հաշվի առնելով նաև ծննդավայրը՝ անունը դրել էին Փոքր Սպարապետ, ասում էին՝ մեր Սպարապետն եկավ: Պահպանված մի տեսանյութ կա, փոքր թխվածքաբլիթի վրա մեկ մոմ էին դրել ու տղաներից մեկի ծնունդն էին նշում: Բայց մոմը դեռ չի փչել, Զաքարը միանգամից ծափ է տալիս, ասում՝ աշխատանքային, անցնում ենք խրամատը փորելուն: Պատմում են, որ չի թողել անգամ հաց ուտեն՝ ասելով՝ դրա ժամանա՞կն է: Ասել է՝ պիտի ամեն ինչ անենք, որ ծնունդս Բաքվում նշեմ: Վերջին օրը գիշերով մենակ երկրորդ գծից առաջին գիծ է գնացել, ասել են՝ հրաման կլինի՝ կգնաս, ո՞ւր ես գնում, բայց չի լսել: Ասել է՝ եթե ես չգնամ, մյուսը չգնա, ամեն մեկս մեր մասին մտածենք, բա ո՞վ է մեր հողը պաշտպանելու: Տղաներն ասում են՝ հրացանները ծանր-ծանր վերցրել ու գիշերով գնացել է: Ավագ զինակիցներից մեկն ասում է՝ ճակատս պաչեց, ասաց՝ հոպար ջան, դուք հանգիստ եղեք, ես կգնամ, հրամանատարին չեմ ուզում մենակ թողնել: Մենք քույր- եղբայրներով շատ կապված էինք, միշտ միասին էինք, հիմա չգիտեմ՝ ոնց ենք ապրելու առանց նրա։ Մեզ մենակ ու կիսատ թողեց… Երազանքս մեկն է հիմա՝ ուզում եմ որդի ունենալ, նրան Զաքար կոչել, որ նորից Զաքարին գրկել կարողանամ: Քրոջս ու եղբայրներիս երազանքն էլ է նույնը»:

No description available.

 

Կամավորագրվելուց առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Զաքարը եղբոր՝ Արտոյի հետ գնացել է գյուղ, հասցրել է բոլոր հարազատներին տեսնել: Այցելել է նաև իր կյանքում առանձնահատուկ տեղ ունեցող Լիլիա մորաքրոջը, անգամ նկարվել համալսարանի մոտ: Եղբայրը՝ Արտոն, պատմել է, որ անգամ համալսարանի պահակին է գնացել տեսել ու ասել, որ կամավորագրվում է:

No description available.

Զաքարի համակուրսեցին ու մտերիմ ընկերը՝ Բագրատ Աբրահամյանը, նրան հանդիպելն ու ճանաչելը հաճելի պատահականություն է համարում, որովհետև վիճակագրության ֆակուլտետից Զաքարն ինչ-որ կերպ տեղափոխվել էր «Ֆինանսներ և վարկեր» ֆակուլտետ. «Սուտ կլինի ասել, որ առաջին ծանոթությունը մտերմանալու, ջերմ հարաբերություններ ստեղծելու համար ոգևորիչ էր, բայց հասցրեցինք ծանոթանալ և մի քանի բառ փոխանակել սուրճի սեղանի շուրջ: Հետո որքան օրերն անցնում էին, Զաքարը կորցնում էր նորեկի ստատուսը։ Մինչև կմտածեի՝ արդյո՞ք իմ դիմաց վստահելի ու իրական ընկերություն անելու ցանկություն ունեցող մարդ է, Զաքարը ինձ իր փոքր գաղտնիքը վստահեց: Սկսեցինք այն քննարկել, ամեն ինչ վաղեմի բարեկամների սրտացավ խոսակցություն էր հիշեցնում, ովքեր առանց երկմտանքի կարող էին անգամ խելքից դուրս մտքեր արտահայտել: Հետո մեր օրերն արդեն սկսվում ու ավարտվում էին սուրճով, որը նորաստեղծ, բայց հնից ոչ մի բանով չտարբերվող ընկերության ապացույցն էր։ Ամեն օր բացահայտում էի Զաքարի մարդ տեսակը, մեր օրերին ոչ բնորոշ պարզ ու մաքուր բնավորության գծերը: Զաքարն այնքան յուրահատկություններ ուներ, որոնք միայն կհասկանա նա, ով իր հետ գոնե մեկ անգամ շփվել է: Ճոխ ու հնչեղ բառերը խղճուկ ու դատարկ են իր բնավորությունը նկարագրելու համար։ Ես իսկապես կորցրել եմ ընկեր, որի տեղն իմ կյանքում երբեք չի լրացվի: Գաղտնիքները մնացին երկուսիս մեջ, ու այդպես էլ կմնան։ Իր անունը տալուց ամեն անգամ հպարտությամբ եմ լցվում, թեպետ դժվարությամբ եմ զսպում արցունքներս, որոնք իր բացակայությունը զգալուց օր օրի ավելի են շատանում։ Հանգչի՛ր խաղաղությամբ, հերո՛ս, մեր օրերի Սպարապետ, մի օր նորից կհանդիպենք արդեն մեկս մյուսից չհեռանալու պայմանով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում