21-ամյա Վրեժ Բադալյանի պատմությանը NEWS.am-ն անդրադարձել է դեռ նախորդ տարի։ Վրեժն իր ժամկետային զինծառայությունն էր անցկացնում Մատաղիսում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 2-ին մեքենայի պայթյունի արդյունքում Վրեժը կորցրեց մեկ աչքը, մյուսի՝ տեսողությունն ամբողջությամբ, գլխի և մարմնի վրա ստացավ բազմաթիվ վնասվածքներ։
Հետվիրահատական բոլոր դժվար օրերի ընթացքում Վրեժի կողքին է եղել մանկության սերը՝ Քրիստինան։
«Պատերազմի ժամանակ առաջինն իր մասին էի մտածում, որովհետև՝ գիտեի բոլորը կարող են սփոփել, բայց ինքը՝ ոչ, որովհետև մեր կապվածությունն ուրիշ էր։ Կոմայից դուրս գալուց հետ անընդհատ Քրիստինային էի փնտրում։ Չէի գիտակցում, որ չեմ տեսնում։ Հետո՝ երբ գիտակցեցի, որ իմ վիճակը շատ ծանր է, հասկացրի քեռիիս, որ Քրիստինային չթողնեն ինձ մոտ գալ, բայց Քրիստինան էլի գալիս էր։ Գալիս էր, խոսում էինք, պատմում էր, թե շուրջս քանի զինվոր կա, ինչ վիճակում են»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վրեժը։
Օգոստոսի վերջին Վրեժը և Քրիստինան ամուսնացել են։
«Սկզբից էլ որոշել էի՝ Վրեժն է ու վերջ։ Մենք այդ խոստումն իրար դեռ Վրեժի բանակ գնալուց էինք տվել։ Ուղղակի մենք մեր ամուսնությունն ավելի ուշ էինք նախատեսում։ Բայց պատերազմը փոխեց ամեն ինչ. որոշեցինք, որ հիմա իրար կողքի լինելու ժամանակը»,- նշեց Քրիստինան։
Մեր նկարահանումից օրեր անց հայտնի դարձավ, որ Վրեժը և Քրիստինան բալիկ կունենան։
Վրեժին բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է 27000 դոլար, որից հավաքվել է մոտ 20 հազարը։ Նրան օգնելու համար կարող եք փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին՝
ՎՏԲ Բանկ
16054046745500 (դ)
16054046745501 ($)
16054046745502 (€)
16054046745503 (₽)
Կամ կապ հաստատել ընտանիքի հետ հետևյալ հեռախոսահամարով՝
098699759
Առավել մանրամասն՝ տեսանյութում։