Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (61 կգ) Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 2-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար:
2 հաղթանակ տանելուց հետո 21-ամյա Հարությունյանը կիսաեզրափակիչում մրցեց ամերիկացի Դաթոն Դուեյն Ֆիքսի հետ, որն առաջին մրցափուլում հաղթանակի հասավ ժամանակից շուտ՝ 10:0: Գոտեմարտը տևեց 34 վայրկյան:
Եզրափակիչում ամերիկացի ըմբիշի մրցակիցը կլինի ռուսաստանցի Աբասգաջի Մոգամեդովը:
Հոկտեմբերի 2-ին հայ ըմբիշը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, նրա մրցակիցը դեռ հայտնի չէ:
2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 18:10 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովին: Երկրորդ գոտեմարտում նա 8:2 հաշվով ուժեղ էր գտնվել 2021թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 3-ին, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ հոկտեմբերի 4-ին:
Վազգեն Թևանյանը որակավորման փուլում ուժերը կչափի բրիտանացի Ջորջ Էնթոնի Ռամի հետ, իսկ Արման Ավագյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Ռուստամ Ռասուևը: Արման Անդրեասյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Կարումա Գեդարա (Շրի Լանկա) – Էրնազար Ակմատալիև (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ։