«Լավ նայեք ձեզ, մենք հաղթած հետ ենք գալու»․ զոհված Արմեն Բեժանյանը երկու երեխաների հայր էր


«Լավ նայեք ձեզ, մենք հաղթած հետ ենք գալու»․ զոհված Արմեն Բեժանյանը երկու երեխաների հայր էր
Սեպտեմբեր 21 19:48 2021



44-օրյա պատերազմում զոհված սպա Արմեն Բեժանյանը երկու անչափահաս երեխաների հայր էր՝ դուստր ե որդի։ Պատերազմի ընթացքում զանգելիս Արմենն ընտանիքին ոչինչ չէր ասում պատերազմից։

«Ասում էր՝ լավ ենք, մենք հպարտ ենք, առաջ ենք գնալու, հաղթելու ենք։ Միայն հարցնում էր՝ ոնց եք, լավ նայեք ձեզ, մենք հաղթած հետ ենք գալու»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Բեժանյանի կնոջ հայրը՝ Մնացական Անտոնյանը։

Արմեն Բեժանյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին Մատաղիսում, բայց թե կոնկրետ ինչից՝ հայտնի չէ․ «Հավատում ենք, որ ինքն իսկական կռվի, մարտնչելու ժամանակ է ընկել»։

Մնացական Անտոնյանի խոսքով՝ Արմենն ամենից շատ իր հայրենիքն ու զինվորին էր սիրում։

 

«Նա հայրենիքը չէր տարբերում ընտանիքից։ Եվ անկախությունը ոչ թե այսօրվա իշխանությունն է ձեռք բերել, այլ այս մարդիկ։ Նրանց շնորհիվ է այս անկախությունը։ Նրանց անցած ամեն սանտիմետր ճանապարհը պետք է բոլորը գնահատեն։ Նրանք հիմա մարմնապես չկա, բայց հոգեպես բոլորն են մեզ հետ, եւ նրանց քրտինքն ու արյուն չպետք է մոռացվի»,- հավելեց նա։